Առնվազն կրկնապատկել ոռոգման ջրի և վարկերի համար տրամադրվող սուբսիդիաների ծավալները, սահմանել հստակ մեխանիզմ՝ սուբսիդիաների միավորման, դրանք ֆերմերային և գյուղացիական տնտեսություններին ուղղակի տրամադրելու, ոռոգման ջրի փաստացի օգտագործման դիմաց վճարումներ կատարելու համար:
Այս դրույթը ևս վերցված է կառավարության ծրագրից՝ ՀՀ կառավարության 19.05.2014թ. N511-Ա որոշմամբ ընդունված ՀՀ կառավարության ծրագրի 2.2.2.1. ենթաբաժնում «Գյուղատնտեսությունը և գյուղը» վերնագրի ներքո նշված է. «ավելացվելու են գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծավալները, ինչպես նաև մշակվելու են գյուղացիական տնտեսություններին ուղղակի սուբսիդավորման նոր մեխանիզմներ»:

 


Հարկ է նշել, որ գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման գործընթացը կարգավորվում է ՀՀ կառավարության 31.03.2011թ. N349-Ն որոշմամբ հաստատված գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման կարգի համաձայն, որով սուբսիդավորվում են առավելագույնը 14 տոկոս փաստացի տոկոսադրույքով, առավելագույնը 2 տարի ժամկետով և մինչև 3.0 մլն դրամ արժեքով վարկերը: Ընդ որում ՀՀ պետական բյուջեով սուբսիդավորման գումարները հաշվարկվել են ելնելով յուրաքանչյուր տարի 15.0 մլրդ դրամի չափով վարկերի տրամադրման սկզբունքից' տարեկան 872.4 մլն դրամ:
Համաձայն կառավարության ծրագրի՝ ՀՀ Ազգային Ժողով ուղարկված ՀՀ 2015 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսված է վարկերի համար տրամադրվող սուբսիդիաների ծավալների շեշտակի մեծացում՝ 2014 թվականի 872 մլն 480 հազար դրամից 2015 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսված 1 մլրդ 163 մլն 14 հազար դրամ:

 


Նմանապես, կառավարության ծրագրի 2.2.8.2. ենթաբաժնի «Ջրամատակարարումը» վերնագրի ներքո ՀՀ կառավարությունը նախատեսում է. «ոռոգման ոլորտում կառուցվածքային բարեփոխումների իրականացում, մասնակցային կառավարման ամրապնդում, ջրօգտագործողների հետ առավելագույնս թափանցիկ և նոր որակի հարաբերությունների ներդրում»:
Ինչ վերաբերում է այս հայեցակարգի ներքո սուբսիդիաների ծավալների կրկնապատկման և միավորման, դրանք ֆերմերային և գյուղացիական տնտեսություններին ուղղակի տրամադրման, ոռոգման ջրի փաստացի օգտագործման դիմաց վճարումների կատարման առաջարկությանը, ապա հարկ է նշել, որ այդ ուղղությամբ իրատեսական մեխանիզմներ առաջադրելու համար դեռևս անհրաժեշտ է կատարել համալիր ուսումնասիրություններ' գործընթացի առավելագույն թափանցիկության, ինչպես նաև տրամադրվող ռեսուրսների նպատակային և արդյունավետ օգտագործման առումով:

 

Մասնավորապես.
1. Ոռոգման համակարգում ՋՕԸ-ների կողմից սպասարկվող, ինչպես նաև տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրից օգտվող գյուղացիական տնտեսությունների վերաբերյալ մեծածավալ տեղեկատվության հավաքում, մշակում, ճշգրտում, տեղեկատվական բազայի ստեղծում, կիրառում, պարբերաբար թարմացում,
2. ոռոգման ջրի համար հասցեական սուբսիդավորումը կիրառվելու է միայն ՋՕԸ-ի անդամ հանդիսացող, թե հանրապետությունում առկա բոլոր ջրօգտագործողների նկատմամբ (պետական բյուջեով նախատեսված «Ոռոգման համակարգի սուբսիդավորում»ծրագրի միջոցներն ուղղված են ՋՕԸ-ների ֆինանսական ճեղքվածքի ծածկմանը, հետևաբար վերջնական արդյունքում ուղղվում են ՋՕԸ-ի անդամ ջրօգտագործողներին),

 

 


3. յուրաքանչյուր գյուղացիական տնտեսությանը կամ ջրօգտագործողին տրվող պետական աջակցության չափաքանակի որոշման հստակ չափորոշիչների և մեխանիզմների սահմանումը,
4. գյուղացիական տնտեսությունների կամ ջրօգտագործողների կողմից ստացած սուբսիդիան նպատակային օգտագործման վերաբերյալ երաշխիքների և հստակ մեխանիզմների սահմանում և այլն:
Մինչև նման համալիր ուսումնասիրությունների իրականացումը, որը կպահանջի տևական ժամանակ և ջանքեր, ոռոգման ջրի գծով սուբսիդավորման համար հիմք է հանդիսանում ՀՀ կառավարության 30.09.2010թ. «Ջրօգտագործողների ընկերություններին պետական աջակցության միջնաժամկետ ռազմավարությանը հավանություն տալու և ռազմավարությունից բխող առանձին միջոցառումների իրականացումն ապահովելու գործողությունների մասին» N1291-Ն որոշումը, որով հաստատվել են ջրօգտագործողների ընկերությունների (ՋՕԸ) պետական ֆինանսական աջակցության գնահատվող չափաքանակները:

 


Հարկ է նշել, որ անգամ մինչև նշված հետազոտությունների ավարտը ՀՀ պետական միջոցներից ոռոգման նպատակով սումբսիդավորումը զգալիորեն ավելացել է, մասնավորապես.
• ՋՕՄ-երին 2014թ-ին տրամադրվել է 4 մլրդ 749 մլն 973 հազար դրամ, իսկ
ՀՀ 2015 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսված է՝ 5 մլրդ 35 մլն 681 հազար դրամ,
• Ոռոգում ջրառը իրականացնող կազմակերպություններին 2014թ-ին տրամադրվել է 693 մլն 533 հազար դրամ, իսկ ՀՀ 2015 թվականի բյուջեի նախագծով նախատեսված է՝ 948 մլն 980 հազար դրամ:

 

 


Հայկ Դերզյան