Գուցե ես շատ ուզենայի, որ մեր մարզպետներին ընտրեր ժողովուրդը:
Դա ճիշտ կլիներ ոչ միայն ժողովրդավարության տեսանկյունից, այլ նաև՝ կառավարման արդյունավետությունը բարձրացնելու տեսանկյունից:

 


Սակայն Հայաստանում մարզպետի ինստիտուտն ոչ թե տեղական ինքնակառավարման, այլ տարածքային կառավարման մարմին է, այլ խոսքով՝ մարզպետն ընդամենը պաշտոնյա է, ով իրականացնում է իշխանության, խորհրդարանական մեծամասնության ու նրա ձևավորած կառավարության քաղաքականությունը:
Այս առումով՝ ինձ զարմացնում է այն փաստը, որ ժամանակին ստորագրություններ էին հավաքվում Սուրիկ Խաչատրյանին մարզպետ նշանակելու օգտին, իսկ այսօր արդեն՝ այդ նշանակման դեմ:

 

 


Կառավարությունը կայացրել է իր որոշումը, կատարել է նշանակում. վարչապետը հրապարակավ հայտարարեց, որ քաղաքական պատասխանատվություն է կրում այդ որոշման համար:
Ըստ այդմ, գոնե ինձ համար Սյունիքի մարզպետի թեման փակաված ու, եթե ես հարցեր ունենամ Խաչատրյանի գործունեության հետ կապված, նրա օգտին կամ դեմ ստորագրություն չեմ հավաքի, այլ ուղիղ ու կոնկրետ կդիմեմ այն մարդուն, պաշտոնյային, ով հանրապետության թիվ մեկ ամբիոնից հայտարարեց, թե վստահ է, որ նշանակված մարզպետն արդյունավետ կաշխատի:

 

 

Սուրեն Սուրենյանց