Առևտրականների շաժումն՝ իր զանգվածայնությամբ ու աշխարհագրական տարածվածությամբ, կարող է համեմատվել ՙՙԴեմ եմ՚՚ շարժման հետ:
Երեկ բողոքի ակցիաներ են եղել միանգամից չորս քաղաքներում՝ Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Սևանում:
Բայց սրանով շարժումների արտաքին նմանությունը, թերևս, սահմանափակվում է:
Բնավ չեմ ուզում թերագնահահտել մեր առևտրականներին, բայց ՙՙԴեմ եմ՚՚ շարժման մասնակիցները շատ ավելի ինքնուրույն մարդիկ էին՝ ձերբազատված իշխանական ու բիզնես շրջանակների ճնշումներից:
Առևտրականների շարժման հիմքում զանազան շահեր են. այս մարդիկ իսկապես չեն կարող աշխատել նոր ՙՙխաղի կանոններով ու, առաջին հերթին, պաշտպանում են իրենց շահերը, սակայն շարժման ծավալման գործում իրենց մասնակցությունն ունեն նաև որոշ շուկաների տնօրեններ, ովքեր, բնականաբար, նույնպես տուժում են ՙՙՇրջանառության մասին՚՚ օրենքի նոր դրույթներից:
Կառավարությունն այս հարցում անդրդվելի է, բյուջեն լցնելու խնդիր ունի, զիջումների չի գնում ու, ըստ աենայնի, փորձելու է կիստ-պռատ լուծումներով, շուկաների տնօրենների հետ պայմանավորվելով ու ճնշումներով՝ կասեցնել շարժման զարգացումը:
Սահմանադրական դատարանի որոշումից ու կենսաթոշակային բարեփոխումների նոր փաթեթից հետո՝ նույնիսկ ՙՙԴեմ եմ՚՚ շարժումը պառակտվեց. ակտիվիստների մի մասը քաղաքականացվեց՝ հարելով ընդդիմադիր այս կամ այն ուժին, մյուս մասը գնաց իր գործին կամ լքեց երկիրը:
Առևտրականների պարագայում՝ գործը նույնիսկ ՍԴ չի հասնի. առևտրականների մի փոքր մասին կտեսնենք հոկտեմբերի 10-ի ու այլ հանրահավաքներում, մյուսները կգերադասեն ՙՙհայավարի՚՚ լուծել իրենց հարցերը՝ տոնավաճառների տերերի հետ: Կլինեն նաև չհարմարվողներ, ովքեր ամեն բանից հիասթափված՝ կբռնեն արտագաղթի ճանապարհը:
Քանի դեռ Հայաստանում չկան արհմիություններ ու սոցիալական այլ միություններ, նման ինքնաբուխ կամ մասամբ ուղղորդվող շարժումները հեռանկար չունեն, որովհետև իշխանությունը միշտ էլ ռեսուրս ունի՝ բողոքավորների շարքերում ՙՙկազմակերպիչներ՚՚ աճեցնելու ու նրանց հետ պայմանավորվելու համար:
Սուրեն Սուրենյանց