Հայտնի է, որ մարդկային և անմարդկային գրեթե բոլոր չարիքների ու մեղքերի պատճառը պարապությունն է, անբանությունը, անզբաղությունը, աննապատակությունը: Պատմականորեն այն հաղթահարվել է աշխատանքի միջոցով՝ ֆիզիկական և մտավոր: Աշխատանքն է մարդու կյանքին ոչ թե վերացական, այլ կոնկրետ և կենսական իմաստ ու նշանակություն հաղորդել, և առհասարակ՝ աշխատանքն է ազնվացրել մարդուն, նրա միտնք ու հոգին ազատել չարիքներից և մեղքերից: Աշխատանքի շնորհիվ է մարդ արժևորում ժամանակը, ջանքը, գիտելիքն ու հմտությունները:
Բայց երբ աշխատելն է դառնում անիմաստ… երբ հանրության մեծ մասն իր աշխատանքի միջոցով չի կարողանում հոգալ գոյատևման նյութական և հոգևոր նվազագույն կարիքները, աշխատելը դառնում է անիմաստ: Երբ հանրության մեծ մասը հաճույք չի ստանում ո՛չ աշխատանքային պրոցեսից, ո՛չ աշխատանքի արդյունքից՝ աշխատավարձից, ապա աշխատելը դառնում է անիմաստ: Այդպիսի աշխատանքը ոչ թե ազնվացնում է մարդուն, այլ ստրկացնում:
Այս պայմաններում հայ մարդը կանգնած է ընտրության առջև՝ կա՛մ գնալ ինքնախաբեության և շարունակել աշխատել, կա՛մ մատնվել պարապուրդի: Երկու դեպքում էլ գործ ունենք մարդու դեգրադացիայի հետ, ինչը մեր երկրում ոչ թե եզակի, այլ ընդհանուր միտում է: Չի՛ կարող լավ սերունդ տալ այլ դպրոցը, որտեղ ուսուցիչները չեն սիրում իրենց աշխատանքը: Եվ այդ դեպքում արդեն ուսուցիչներին փոխելով խնդիրը չես լուծի, քանի որ աշխատանքային պայմանները մնում են նույնը:
Հ.Գ. Հետո դեգրադացված, չարացած, աննպատակ ապրող ու աշխատող մարդիկ շփվում են իրար հետ… սա էլ մեր հասարակական հարաբերությունների էությունը:
Մովսես Դեմիրճյան