550 թ. Բյուզանդիայի կայսր Հուստինիանոս Ա-ն (527-565 թթ.) հայ զորահրամանատար Ներսեսին նշանակեց Իտալիայում բյուզանդական բանակի գլխավոր հրամանատար։ Ներսես Հայկազունը (541-568) հայկական զորամասերով հաղթեց Իտալիա ներխուժած օստգոթերին, ապա ֆրանկներին ու ալեմաններին եւ 555-ին կայսեր կողմից նշանակվեց նվաճված Իտալիայի փոխարքա-կառավարիչ: Նա փոխարքայության կենտրոն դարձրեց Ռավեննան, որտեղ ծավալեց լայն շինարարական աշխատանքներ:
Ռավեննայի պահակազորը կազմված էր հայկական երեք հեծելազոր գնդերից, որոնք կոչվում էին «Numerus Armeniorum»։ Այս գնդերը Ռավեննայում մնացին ավելի քան երկու դար, ունեին իրենց եկեղեցին ու պանթեոնը։ Օգոստոս կայսեր կառուցած Ռավեննայի Կլասիս նավամատույցը վերանվանվեց «Արմենիա»: Իտալիայի փոխարքաներից հայտնի է նաեւ Սահակ Հայկազնը (625-644), որի դամբանը գտնվում է Ռավեննայի Սբ. Վիդալ եկեղեցում։ Նա հռչակված էր որպես «Gloria dell’Armenia», այսինքն՝ «Հայաստանի փառք»: Նույն ժամանակ, հայկական զորամասեր են գտնվել նաեւ Սիցիլիայում, ուր հիշատակվում են մի շարք հայ զորահրամանատարներ եւ հայերի կառուցած «Հայկական ամրոցը»։
ՀԳ - Անգլիացի բյուզանդագետ Սթիվեն Ռենսիմանն իր «Բյուզանդիայի քաղաքակրթությունը» խորագրով աշխատության մեջ նկատել է, որ «Հայերը ոչ միայն Բյուզանդիային պարգեւել են բազմաթիվ կորովի այրեր, այլեւ՝ իրենց լավագույն մարդկանց մեծ մասը»։