Հետաքրքրական էր տեղեկանալ այն մասին, որ երեկ մերձկասպյան հինգ պետությունների՝ Ադրբեջանի, Իրանի, Ղազախստանի, Ռուսաստանի և Թուրքմենստանի նախագահները համաձայնության եկան Կասպից ծովի և դրա ընդերքի օգտագործման սկզբունքների շուրջ, ինչպես նաև վերահաստատեցին իրենց դիրքորոշումն այլ պետությունների ռազմական ակտիվությունն այդ շրջանում բացառելու վերաբերյալ: Մինչ այդ էլ հետաքրքրական էր նկատել, որ ՄԱԿ-ի ԳԱ-ում Ռուսաստանն ու Թուրքիան հանդես եկան միևնույն դիրքերից՝ տարբեր երկրներում պետական հեղաշրջումներն անվերապահորեն դատապարտելու հարցում: Հատկանշական է, որ Թուրքիայի նախագահն ուղղակիորեն խոսեց ժամանակին Օսմանյան Կայսրության մասը կազմած Եգիպտոսի մասին, իսկ ՌԴ Արտգործնախարարն ակնհայտորեն նկատի ուներ նախկինում Ռուսաստանյան կայսրության ծայրագավառներից մեկը հանդիսացող Ուկրաինան: Նման հարցում Ռուսաստանի ու Թուրքիայի մոտեցումների այսօրինակ զուգորդությունն առավել ուշագրավ է այն տեսանկյունից, որ նշված միակարծությունն առաջիկայում լուրջ առճակատման փոխակերպվելու հեռանկար ունի, ընդ որում այս պահի դրությամբ Թուրքիայի դիրքերն ավելի նախընտրելի են, քանի որ վերջինս Ռուսաստանի դեմ օգտագործելու է այլոց ներուժն, իսկ ՌԴ-ին, արդեն հավանաբար այս տարվա նոյեմբերին սպասում է Ուկրաինայի հարավ-արևելքում ռազմական լայնածավալ գործողությունների վերսկսման խիստ տհաճ հեռանկարը: Վերսկսվելու պարագայում պատերազմն այնտեղ շատ ավելի դաժան ու համընդգրկուն հետևանքներ կունենա՝ հանգեցնելով մեծաքանակ զոհերի ու ավերածությունների: Նման իրավիճակում Ռուսաստանի դեմ նոր ճակատ բացելը կլինի և դյուրին, և ռազմավարական առումով արդյունավետ քայլ, որը կարող է ստանալ նաև մեր հյուսիսային մեծ հարևանի դեմ պատժամիջոցներ կիրառող պետություններից մի քանիսի աջակցությունը: Այս համատեքստում հետաքրքրական է, թե ինչ զիջումների է գնացել Ռուսաստանը Կասպից ծովի հարցում՝ հավանաբար հենց դրանց գնով է հաջողվել երեկ հասնել համապատասխան հնգակողմ փաստաթղթի ստորագրմանը:
Արման Մելիքյան