Թեպետ Իրանի հյուսիսարևմտյան նահանգների (պատմական Ատրպատական) պատմամշակութային անցյալն ունի դարերի խորություն, որին «Ադրբեջան» անվանակոչված հանրապետությունը կարող է միայն նախանձել, իսկ Ատրպատականի բնակչության իրանական ծագումը գիտականորեն ապացուցելի է, այդուհանդերձ ներկա փուլում ականատես ենք գործընթացների, որոնք միտված են ազդելու տեղի բնակչության էթնիկ ինքնագիտակցության վրա՝ նրանց մոտ առաջացնելով թյուրքական ինքնության պատրանք:

 


Վերոհիշյալ նահանգները թյուրքականացնելու փորձերը նոր երևույթ չեն, սակայն նոր է նման քարոզչության ազդեցության տակ հայտնված հանրային լսարանի օրեցօր ընդլայնվելը, որն առավել հանդուգն է դարձնում թյուրքականացման գործին լծված քարոզիչների վարքագիծը: Առնվազն զարմանք է հարուցում իրանական իշխանությունների հանդուրժողականությունը, որոնք կարծես հիմնավորապես չեն գիտակցում նման գործընթացների վտանգավորության աստիճանն իրենց իսկ պետության համար:
Կիրակի օրը տեղի է ունեցել Թավրիզի քաղաքային խորհրդի նիստը, որի ընթացքում խորհրդի անդամ Հաբիբ Շիրիազարն իր բոցաշունչ ելույթով քննադատել է ոչ ավել ոչ պակաս անձամբ Թավրիզի քաղաքապետին, քանի որ վերջինս «համարձակվել էր» հայտարարել, որ քաղաքապետարանների մակարդակով անհրաժեշտ է ընդլայնել Թավրիզ և Երևան քաղաքների հասարակական և մշակութային կապերը:

 


Մեջբերում եմ Հ. Շիրիազարի խոսքերը. «Այլ քաղաքների հետ հասարակական և մշակութային կապեր հաստատելը քաղաքային խորհուրդը պետք է որոշի, այլ ոչ թե քաղաքապետը: Չեմ կարծում, որ Թավրիզը որևէ հետաքրքրություն է տածում Երևանի նկատմամբ: Քաղաքապետին հարկ է հիշեցնել, որ նման որոշումներ կայացնելիս սովորաբար հաշվի են առնում քաղաքի բնակչության կարծիքը, որոնք պահանջում են նրանից փոխհարաբերություններ հաստատել այն երկրների հետ, որոնց հետ մենք ունենք պատմամշակութային և կրոնական ընդհանրություններ»:

 


Կարծում եմ՝ պարզ է, թե Հ. Շիրիազարը որ երկրներն է նկատի ունեցել՝ նշելով, որ պետք է զարգացնել նրանց հետ հարաբերությունները: Դա ակնհայտ թուրքամետ և ադրբեջանամետ հայտարարություն է, որը որևէ կապ չունի Իրանի պետական-պաշտոնական քաղաքականության հետ, ավելին՝ դա հակասում է Իրանի շահերին:

 

 

 

Ռուդիկ Յարալյան