Մեծահարուստ Հարություն ամիրա Պեզճյանը (Գազազ Արթին) եղել է Մահմուդ Բ սուլթանի մտերիմ բարեկամն ու խորհրդատուն: Նա հայ համայնքում հայտնի էր որպես մեծ բարեգործ, ում ջանքերով ու միջոցներով հիմնվել են բազմաթիվ դպրոցներ, կառուցվել ու վերակառուցվել հայկական վանքեր, եկեղեցիներ, մատուռներ, հիվանդանոցներ: Նա է հիմնադրել Կ. Պոլսի Սուրբ Փրկիչ ազգային հիվանդանոցը (1832 թ.), որը գործում է մինչ օրս:

 

 

1831 թ. Եգիպտոսի կառավարիչ ՄուհամեդԱլին ապստամբում է Օսմանյան կայսրության դեմ: Նրա որդին' Իբրահիմ փաշան, մեծ բանակով ներխուժում է Սիրիա, այնուհետեւ' Փոքր Ասիա եւ ուղղություն վերցնում Կ.Պոլիս: Թրքական բարոյալքված ու պարտված բանակն անկարող էր կասեցնել հակառակորդի առաջխաղացումը: Տագնապալի կացության մեջ սուլթանը դիմում է Գազազ Արթինի խորհրդին, ով առաջարկում է անհապաղ օգնության կանչել ռուսներին: Օսմանյան կայսրության համար ճակատագրական այս պահին, երբ Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան հետեւում էին Ասիայի «հիվանդ մարդու» հոգեւարքին, իսկ օսմանյան մայրաքաղաքի անկումը թվում էր անխուսափելի, 18 նավից բաղկացած ռուսական նավատորմը (10.000 զինվոր)' գեներալ Օռլովի հրամանատարությամբ, հասնում է Բոսֆոր:

 

Ռուսական միջամտությունից խիստ մտահոգ Անգլիան ու Ֆրանսիան իրենց նավատորմն են ուղարկում Միջերկրականի թրքական ափերը եւ կոնֆլիկտին միջամտելով հասնում նրան, որ թուրքերն ու եգիպտացիները նստեն բանակցությունների սեղանի շուրջը: Կնքված պայմանագրով Սիրիան ու Պաղեստինն անցնում են Եգիպտոսին, իսկ վերջինս զորքերը հեռացնում է Փոքր Ասիայից եւ ձեւականորեն ճանաչում թուրքերի գերիշխանությունը: Մահմուդ Բ-ն հանգիստ շունչ է քաշում. կայսրությունը փրկվել էր կործանումից:

Նկարում' Հարություն ամիրա Պեզճյանը