Արմեն Խորենյանը հայ է: Ծնվել է Վանում՝ 1956 թ.: Օգտվելով կրթության ընձեռած հնարավորությունից՝ ստանում է թուրքական բանակի սերժանտի կոչում: Նույն կոչումն ստացած 12 հայերի հետ նրան ուղարկում են Էրզրումի զորանոցը: Այստեղ թուրք գեներալը հայերի ուսադիրները մեկ-մեկ պոկելով մռնչում է.
_ Դու՛ք ընդամենը գյավուր եք, որքան էլ ապրեք, թրքական բանակի ուսադիր կրելու պատվին չե՛ք արժանանա: Այդ պահից սկսած վիրավորանքներն ու նվաստացումներն այնպիսի չափերի են հասնում, որ նրանց զինվորական ծառայությունը Էրզրումում, ապա՝ Կարսում, իսկական դժոխքի է վերածվում: Ծառայության ընթացքում, օգտվելով ազատ ժամերի հնարավորությունից, Արմենն Էրզրումում ու Կարսում որոնում է հայրենակիցներին:
«Ես նկատել էի, որ Կարսի ու Էրզրումի շրջաններում հայեր շատ կան, բայց իրենց ազգությունը թաքցնում են: 1978 թ. Կարսում շրջելու ժամանակ նկատեցի փողոցում խաղացող մի փոքրիկ տղայի: Նա շատ կեղտոտ էր, ամբողջովին ցնցոտիների մեջ: Մի աղջիկ վազեց նրա մոտ ու ձայնեց.
_ Արշա՛կ, մաման կանչում է:
Ես մոտեցա աղջնակին ու հարցրի՝ հա՞յ ես: Նա թուրքերեն պատասխանեց, թե ասածս չի հասկանում եւ ահաբեկված փախավ: Նոր նկատեցի, որ մայրը հեռվից հետեւում է մեզ: Մոտեցա եւ նույն հարցը մորն ուղղեցի. պատասխանեց, որ հայ չէ: Ես նրան հայերենով դիմեցի.
_ Բայց քիչ առաջ աղջիկդ հայերեն էր խոսում:
Թուրքերենով պատասխանեց, որ աղջիկը հայերեն չգիտի եւ դրանով էլ փաստեց, որ ինքը հայ է:
_ Ինչու՞ եք թաքցնում ձեր ազգությունը, մի՛ վախեցեք, ես էլ եմ հայ, վանեցի եմ, անունս՝ Արմեն:
Համոզվելով, որ ոչ-ոք մեզ չի հետեւում՝ ներս հրավիրեց: Մոտ կես ժամ մեր անուշիկ լեզվով զրուցեցինք, մինչեւ եկավ ընտանիքի հայրը: Երբ կինն ասաց, որ հայ եմ, ամուսինը խառնվեց ու վախեցավ: Մի քանի բառ փոխանակելուց հետո զգացի, որ արդեն վստահում է ինձ ու հարցրի, թե ինչու՞ է մնում այստեղ եւ ավելի մեծ քաղաք չի տեղափոխվում: Նա ինձ ցույց տվեց պատուհանից երեւացող անխաչ գերեզմաններն ու ասաց.
_ Գիտե՞ս, դա ինչ է: Այնտեղ թաղված են իմ ծնողներն ու պապերը: Նայիր լեռներին, երկնքին, քեզ ոչինչ չե՞ն ասում»...
Առնո Համելեն, Ժան Միշել Բրոն
«Վերականգնված հիշողություն» (հատված)
Նկարում՝
Մզկիթի վերածված Կարսի Սուրբ Առաքելոց եկեղեցին (X դար)