ՄԻՐ ԱԲԱՍ ՋԱՖԱՐ ՕՂԼԻ ԲԱՂԻՐՈՎ

1933թ. Ադրբեջանի կոմկուսի առաջին քարտուղար հայազգի Ռուբեն Ղուկասի Ռուբենովին հաջորդեց Մ. Ջ. Բաղիրովը, ում նշանակումը չէր կարող անցնել առանց Բերիայի աջակցության և Ստալինի համաձայնության: Նախկին մուսվաթականը սերտ հարաբերություներ ուներ նաեւ Ա. Միկոյանի հետ: Պաշտոնավարման քսան տարիների (1933-1953) ընթացքում, իրեն անվանում էր «ադրբեջանական ժողովրդի հայր»: Նա հաճախ հայտարարում էր, թե Մեծ Հայրենական պատերազմի հաղթանակն ադրբեջանցի նավթագործների շնորհքն է: Բաղիրովին անվանում էին տեղային «Ստալին»: Ստալինյան բռնաճնշումներին Ադրբեջանում զոհ գնաց 70-120 հազար մարդ:

 


Երբ Հայաստանի Կոմկուսի առաջին քարտուղար Գրիգոր Հարությունյանը նամակով դիմեց Ստալինին' Լեռնային Ղարաբաղը Հայաստանին վերադարձնելու համար /1945թ. նոյեմբերի 11/, Բաղիրովը, նույն թվին, որպես հակընթաց փաստարկ, նամակով դիմեց Մալենկովին, որտեղ մասնավորապես գրված էր. «ԼՂԻՄ-ի վերադարձման հարցում դեմ չեմ, բայց Շուշիի շրջանի վերադարձման դեպքում առաջարկում եմ դիտարկել Հայաստանի ադրբեջանաբնակ Ազիզբեկովի, Վեդիի և Ղարաբաղլարի շրջանների միավորումը Ադրբեջանի հանրապետությանը»:

 


Ստալինի մահը նշանավորեց ստալինյան դարաշրջանի ավարտը, որին հետեւեց Բերիա-Բաղիրով քաղաքական առանցքի դատապարտումը: Սկսվեց Բաղիրովի դատավարությունը: Դատի ժամանակ ռազմական տրիբունալի նախագահի ու դատախազ Ռ.Ա. Ռուդենկոյի խաչաձեւ հարցաքննությամբ պարզվեց, որ Բաղիրովը ծրագրել էր Ադրբեջանին միացնել Դաղստանը, իսկ ինքը, Ստալինն ու Բերիան որոշել էին 1953-ի ամռանը կազմակերպել Հայաստանում բնակվող հայության մի վիթխարի բռնագաղթ, որով հանրապետության բնակչությունը կդառնար 1 միլիոնից էլ պակաս, որպեսզի զրկվեր միութենական հանրապետության իրավունքներից:
_ Ուրե՞մն Հայաստանը պիտի բաժան-բաժան արվեր, միացվեր հարեւաններին,_ հարցնում է ռազմական տրիբունալի նախագահը:

 


_ Այո',_ անվրդով պատասխանում է Բաղիրովը,_ ծրագիրը խափանվեց միայն Ստալինի մահվան պատճառով:
_ Բայց ո՞րն է հիմքը, ի՞նչն էր միավորում ձեր եւ Ստալինի տրամադրությունները,_ հարցնում է գլխավոր մեղադրող Ռոման Ռուդենկոն:
_ Ես Ադրբեջանի ղեկավարն էի: Կրեմլին ձեռնտու էր Արեւելքում, մահմեդական աշխարհի նախադռանն ունենալ Ադրբեջանի պես հզոր ու հավատարիմ մի հենարան-հանրապետություն,_ պատասխանում է Բաղիրովը:

 

 

Սոցիալիստական օրենքների խախտման, ինչպես նաև Բերիայի ոճրագործություններին հանցակից լինելու մեղադրանքով Մ. Ջ. Բաղիրովը 1956թ. մայիսի 7-ին դատապարտվեց գնդակահարման: Մայիսի 26-ին, Բաքվում, դատավճիռն ի կատար ածվեց: