Այսօր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն երկու անգամ հրապարակավ արտահայտել է իր տեսակետը:


Առաջինը՝ ամերիկյան հեղինակավոր «International New York Times» պարբերականի էջերում, ապա ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի ամբիոնից:


Քանի որ հոդվածի ու ելույթի շատ թեզեր նույնական են ու կրնվում են, շատ ավելի հարմար եմ համարում մի քանի դիտարկում հայտնել աշխարհի գլխավոր ամբիոնից հնչած խոսքի վերաբերյալ:


Միանգամից ասեմ, որ ելույթի նկատմամբ միանշանակ գնահատական չունեմ:


Օրինալ ինձ ելույթի ղարաբաղյան հատվածը դուր է եկել՝ խնդրի մատուցման իրավա-քաղաքական համատեքստում:


Վերապահումներ ունեմ ելույթի այն հատվածի վերաբերյալ, որը վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին:


Եթե նույնիսկ Անկարայի քաղաքականությունը միանշանակ դեստրուկտիվ է, չարժե ՄԱԿ-ի ամբիոնն օգտագործել «գրողի ծոցը վավերացնեք» արտահայտությամբ՝ մանավանդ այն մեր հասարակությանը վերագրելով:


Կարծում եմ՝ մեր հասարակությունը շատ ավելի հասուն է, որպեսզի Թուրքիայի հանդեպ իր վերաբերմունքն արտահայտի ավելի քաղաքակիրթ ձևով:


Իսկ եթե խնդիրը հասարակության ավելի էմոցիոնալ գնահատականը ներկայացնելն էր, ինչի անհրաժեշտությունն, ըստ իս, չկար, ապա կարելի էր թուրքերի հասցեին օգտագործել մեզանում տարածված ուշունցներից մեկը:


ՙՙ...Այսօր պաշտոնական Երևանը լրջորեն քննարկում է հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելու հարցը՚՚- ասել է նախագահը:


Գուցե իսկապես կա նման քայլի անհրաժեշտություն՝ թեև դա վիճելի հարց է:


Սակայն այս պահին արձանագրությունների հետկանչը կհակասի Սերժ Սարգսյանի մեկ այլ նախաձեռնության, որով Թուրքիայի նախագահ Էրդողանը հրավիրվել է Երևան՝ Ցեղասպանության 100-ամյա տարելիցի ոգեկոչմանը:


Ասել կուզեմ, որ արտաքին քաղաքականությունը պետք է ենթարկվի միասնական մի տրամաբնության ու այքան էլ խրախուսելի չէ նույն հարցի վերաբերյալ հակասական նախաձեռնություններ անելը:


Վերջում ևս մեկ դիտարկում:


Հասկանալի է, որ մեր երկրի արտաքին քաղաքականության համար ԼՂ խնդիրը ու հայ-թուրքական հարաբերություններն առաջնահերթություն են, սակայն ժամանակն է, որ մեր նախագահը, ԱԳ նախարարը նման ամբիոններն օգտագործեն նաև համաշխարհային գլոբալ հարցերի վերաբերյալ նախաձեռնություններ հնչեցնելու համար:

 

 

  Սուրեն Սուրենյանց