Երևան քաղաքի մի շարք տոնավաճառների շուրջ 500 աշխատակիցներ այսօր դուրս էին եկել ցույցի կառավարության շենքի դիմաց՝ բողոքելով հարկային բեռի ավելացման դեմ։
Կառավարությունն ոչինչ չի անում փոքր ու միջին բիզնեսի իրավունքները պաշտպանելու համար, ու այս մարդիկ արդարացիորեն նշում են, որ իրենց փոքրիկ բիզնեսին խփում են, որպեսզի մեծ խանություները, սուպերմարկետները գերշահույթ ունենան:
Թերևս նրանք ճիշտ են, որովհետև մեր փոքր շրջապատում ամեն օր, ամեն շաբաթ ականատես ենք լինում, թե ինչպես են փակվում փոքր խանութներն՝ օրվա հացից կտրելով առնվազն ևս երկու-երեք ընտանիքի:
Հայաստանի այսօրվա իշխանությունը օլիգարխիկ է, հետևաբար՝ զուտ PR էին այն խոսակցությունները, որ խոշոր գործարարությունը, բիզնեսը դուրս են բերվելու ստվերից:
Նման բան տեղի չունեցավ, բյուջեի հավաքագրումները չեն կատարվում, վտանգված է ծախսային մասը, ու դարձյալ կառավարությունը դիմում է ավանդական մեթոդներին՝ ՙՙքերթում՚՚ է այն մարդկանց կաշին, ովքեր անպաշտպան են, մի փոքր կրպակ կամ տոնավաճառում մի համեստ վաճառատեղի ունեն:
Կառավարության քաղաքականությունն ուղված է սոցիալական բևեռացման խորացմանը, որի մի կողմում փոքրաթիվ հարուստներն են, մյուս կողմում՝ ընչազուրկ մեծամասնությունը, կարելի է ասել՝ ողջ ժողովուրդը, հանած՝ մի քանի տասնյակ ընտանիքների:
Հայաստանում մեռնում է միջին խավը ու ճանապարհ է բացվում սոցիալական բունտ կոչվածի համար:
Սոցիալական բունտերը դրական հետևանք չեն ունենում՝ ճանապարհին սրբել-տանելով ամեն ինչ, թե վատը և թե լավը...
Բայց այդ իռացիոնալ տարբերակը կառավարության քաղաքականության հետևանք է....
Սուրեն Սուրենյանց