Քուվեյթի խորհրդարանական պատվիրակության այցը Հայաստան հայ-քուվեյթյան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Ֆեյսալ Ֆահդ ալ-Շայիի գլխավորությամբ և հանդիպումները հանրապետության բարձրագույն պաշտոնյաների հետ ևս մեկ առիթ է պատկերացում կազմելու Պարսից ծոցի այդ երկրի և նրա ներդրումային հետաքրքրությունների մասին: Հիշեցնենք, որ անցած տարի Հայաստան էր այցելել նաև Քուվեյթի Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը: Այցելությունների ժամանակ քննարկվել են նաև տնտեսական բնույթի թեմաներ, սա ցույց է տալիս, որ Քուվեյթը հետաքրքրվում է Հայաստանի գործարար և ներդրումային միջավայրով:
Քուվեյթը նավթով հարուստ, բարեկեցիկ երկիր է, որտեղ նավթի հաստատված պաշարները գնահատվում են 102 միլիարդ բարել, օրական արդյունահանվում է 2,7-3,0 մլն. բարել նավթ և նավթային արդյունաբերությունը ապահովում է երկրի ՀՆԱ-ի (որը կազմում է 180 մլրդ. դոլլար) մոտ կեսը, արտահանման ծավալների (որը կազմում է 110 մլրդ դոլլար), 95%-ը և բյուջեի եկամուտների (որը կազմում է 114 մլրդ. դոլլար) 95%-ը: Թեև կենսամակարդակը բարձր է, տնտեսությունը կայուն է, գործազրկությունը գտնվում է ցածր մակարդակում, նավթի և գազի արդյունահանման ճյուղ և տարբեր ենթակառուցվածքների նախագծեր հսկայական ֆինանսական հոսքեր են ուղղվում, սակայն երկրի տնտեսությունը դեռևս թույլ դիվերսիֆիկացված է, ներդրումային միջավայրը թույլ է զարգացած, իսկ բիզնես միջավայրը կայացած չէ:
Դա բացատրվում է նրանով, որ ինչպես Քուվեյթի, այնպես էլ այլ արաբական երկրների իշխող վերնախավերը երկար տարիներ չեն ցանկացել կիսել նավթից եկամուտ ստանալու իրենց հնարավորությունները այլ երկրների ներդրողների հետ: Օտարերկրյա ներդրողներին չեն թողել նավթագազային սեկտոր, իսկ մյուս ոլորտներ թույլատրվել են, եթե օտարերկրյա ընկերություններն ամբողջովին օգտագործել են տեղական աշխատուժը: Բացի այդ ներդրումային միջավայրի բարելավումը իր հերթին պահանջում էր նաև տնտեսության և քաղաքականության ազատականացում, որից էլ խուսափել են իշխանությունները: Ներկայումս էլ հարևան երկրների ներդրումային պայմանները համեմատաբար ավելի բարենպաստ են և մեղմ, ինչպես օրինակ Արաբական Միացյալ Էմիրություններում, Սաուդյան Արաբիայում և Կատարում, քան Քուվեյթում, որտեղ ներդրումային նախագծերի թույլտվություն ստանալը բարդ է:
2011թ.-ին «արաբական գարնան» ալիքի վրա նույնպես հուզումներ եղան Քուվեյթում, որի արդյունքում Քուվեյթի էմիրը ցրեց պառլամենտը և Կառավարությանը հրաժարական տվեց, դա իր հերթին բացասական ազդեց երկրի ներդրումային հեղինակության վրա: Ներկայումս վիճակը փոփոխվում է, Կառավարությունը փորձում է «ոչ նավթային սեկտորը» զարգացնել, ակտիվացնել մասնավոր սեկտորի դերը տնտեսության մեջ:
Խաչատրյան Ժոռա