Արդեն քանի օր է հանրությունն ակտիվ քննարկում է Ալլա Լևոնյանի արարքը: Մանրամասնեմ: Ինչպես գրում է Hraparak.am-ը, կիրակի օրը Օպերայում տեղի է ունեցել Ալլա Լեւոնյանի մենահամերգը՝«Ճանապարհ…» (20 տարի բեմում) խորագրով: Երգչուհին երգել է 20-ամյա գործունեության ընթացքում երգված լավագույն երգերը: Համերգին մասնակցել են «Սասուն» եւ «Բերդ» պարային համույթները, Նաիրա Գյուրջինյանի մանկական երգչախումը, Արսեն Սաֆարյանը, Էդգար Գյանջումյանը: Դահլիճը Ալլայի հետ պարել է եւ ուրախացել: Համերգը կարելի էր շատ հաջողված համարել, եթե Ալլան վերջում չփչացներ տպավորությունը. համերգին ուշացումով ժամանած Ռիտա Սարգսյանին ու Հասմիկ Պողոսյանին տեսնելով, նա իր վերջին երգն ընդհատել է, բոլորին լռեցրել եւ հատուկ ողջունել բարձրաստիճան տիկնանց:


Բնականաբար այդ արարքը չէր կարող մնալ հասարակության ուշադրությունից ու նաև' համապատասխան քննադատությունից դուրս' նախ իր անքաղաքավարության պատճառով, ապա նաև, ինչքան էլ չուզենք դրանում նման ենթատեքստ տեսնել, իշխանահաճության կամ նույնիսկ իշխանալեզության տարրեր պարունակելու համար: Ու նաև սկսվեցին քննարկումներն ու քննադատությունները, որոնց ի պատասխան երգչուհին արդեն օրեր անց aravot.am-ին տված մեկնաբանության մեջ երգչուհին, ինչը որ զարմանալի է, ոչ թե փորձել է արդարանալ կամ թեկուզ ներողություն խնդրել իր հանդիսատեսից ու երկրպագուներից, այլ ավելի կոպտորեն հայտարարել է' "... Ես եմ որոշում՝ ում՝ երբ ողջունեմ, ինչպես արձագանքեմ, համերգիս ընթացքն ինչպես կառավարեմ։ Իմ իրավասությունն է՝ երգս իմ ցանկացած պահի ընդհատել, ավելացումներ, լրացումներ անել։ Լավ եմ արել, որ այդպես եմ արել, դա իմ իրավունքն է։ Կարող եմ ասել նաեւ, որ այս իմ արարքը նման էր յուրօրինակ անակնկալի, որին երկրպագուներս համարժեք արձագանքեցին": Անկեղծորեն ասեմ, որպես Ալլա Լևոնյան մարդուն ու երգչուհուն գնահատող մարդ մեղմ ասած հիասթափված եմ. ոչ այնքան ողջույնից, որքան պատասխանից: Ու հենց այդ պատճառով էլ ուղղակի դիմում եմ տիկին Լևոնյանին:


Հարգելի տիկին Լևոնյան, Չնեղանաք, եթե ասածս ստացվի կոշտ, սակայն նման հայտարարություններ անելու իրավունք մտավորականը, կամ նա ով իրեն համարում է մտավորական, ուղղակի չունի: Ու ասեմ ինչու: Անշուշտ դուք եք տնօրինողը ձեր համերգին ինչ անեք, ինչ չանեք: Սակայն պակաս կարևոր չէ նաև հանդիսատեսի դերը և առավել ևս պակաս կարևոր չէ նաև հանրային կարծիքը: Դուք արդեն քսան տարի բեմում լինելով պետք է որ հասկանայիք թե ինչ ասել է լինել հանրային դեմք ու նաև ունենայիք ձեր համար մշակած հանրային դեմքի որոշակի էթիկետային կոդեքս: Ավաղ ձեր վերջին հայտարարությունը խոսում է հակառակի մասին: Չեմ հավակնի ասել, թե ձեզ ինչ տվեց համերգն ընդհատելն ու Առաջին տիկնոջը ողջունելը, սակայն կարող եմ հստակ ասել' ձեր այդ արարքը առաջին հերթին վնասեց հենց Առաջին տիկնոջը, քանի որ ակամա նրան ներքաշեցիք ձեր իշխանահաճ կամ իշխանալեզ գործողությունների մեջ, մինչդեռ Առաջին տիկնոջ ցայժմ ունեցած կեցվածքը միայն գովեստի ու դրական արձագանքի է արժանի: Սակայն սա դեռ ամբողջը չէ: Կարող եք ձեր սրտի ուզածի չափ "լավ անել", սակայն մի մոռացեք, որ հանդիսատեսը եթե չգնի ձեր համերգի տոմսերը, կամ հասարակությունը եթե մի անգամ երես թեքի ձեզանից, ինչպես Նունե Եսայանի պարագան է, ապա դուք մեղմ ասած այդ "լավ անելը" կկարողանաք միայն պետպատվեր համերգների ժամանակ, իսկ այնտեղ հաստատ դուք "լավ չեք անի", քանի որ սովորաբար այնտեղ "լավ անելը" դիտվում է որպես ինքնագործունեություն ու այնքան էլ լավ աչքով չի նայվում, հատկապես եթե նախապես գրված սցենարից դուրս է:


Վստահ եմ Առաջին տկինն իրեն վատ չէր զգա, գոնե հաշվի առնելով որ բարեկիթ ու էթիկետին հետևող անձնավորություն է, եթե դուք երգից հետո ողջունեիք նրան: Ի վերջո Առաջին տիկինն էլ այդ պահին իմ ու մյուսների նման սովորական հանդիսատես է, ով ի դեպ, ուշացումով է եկել համերգի: Հաստատ եթե դուք թույլ տայիք ձեր արարքի հակապատկեր արարքը, Առաջին տիկնոջ հեղինակությունը որպես բարեկիրթ կին, առաջին լեդի, էլ ավելի կբարձրացնեիք:


Այնպես որ, լավ անելուց առաջ նախ մտածեք, թե որն է ավելի լավ ձեր համար' լինել ժողովրդի կողմից սիրված, թե Նունեի նման կրել պալատական երգչուհու' ոչ այնքան պատվաբեր պիտակը: