2. Լինչի հանդիպումը Մկրտիչ Ա Վանեցու հետ
Հենրի Լինչ (1862 - 1913)
«Հայաստան. ուղեւորություններ ու
ուսումնասիրություններ»
Իռլանդական ազնվական տոհմից սերող (մայրական կողմը բնիկ սեբաստացի հայեր են) անվանի հայագետ, աշխարհագետ, ճանապարհորդ, հասարակական-քաղաքական գործիչ Հենրի Լինչը (1862 - 1913) Հայաստան կատարած երկու այցելությունների (1893-1894, 1898) ժամանակ հավաքած նյութերի հիման վրա 1901թ. գրել է լայն ճանաչում գտած «Հայաստան. ուղեւորություններ ու ուսումնասիրություններ» աշխատությունը (հայերեն համառոտ թարգմանությունը՝ Լեւոն Լարենցի, 1913թ., Կ. Պոլիս), որը կազմված է երկու հատորից «Ռուսահայաստան» ու «Տաճկահայաստան»։ Աշխատությունը պարունակում է արժեքավոր տեղեկություններ Հայաստանի պատմության, աշխարհագրության, ժողովրդագրության, հայ բանահյուսության վերաբերյալ, ինչպես նաեւ վիճակագրական նյութեր։ Ստորեւ ներկայացվում են պատառիկներ այս ուշագրավ աշխատությունից:
ՀԱՆԴԻՊՈՒՄ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՀԵՏ
«Չեմ հիշեր տեսած ըլլալ ավելի սիրուն եւ գրաւիչ դէմք մը. հաճոյքի սարսուռ մը ունեցայ, մտածելով, որ անոր քովը նստած եմ եւ կը տեսնեմ ժպիտը՝ անտարակոյս իր դիմագիծին սովորական եղող այդ ժպիտը, որ կը թրթռար իր վճիտ եւ թուխ աչքերուն շուրջը: Ձայնն ալ շատ քաղցր էր, իսկ վարուելակերպը լեցուն էր մեծանձնութեամբ, որուն ետին կը զգաս թէ ոյժ կայ: Ծառաները, գահաւանդը եւ նախասենեակը շուտով մոռցուեցան անոր ներկայութեանը. այդ ձեւակերպութիւնները անհրաժեշտ են պզտիկ մարդոց միայն, եւ թերեւս օգտակար դառնան իրենցմէ գերադասներուն, թէեւ անոնք միշտ կը վռնտեն զիրենք, երբ իրենց քղանցքին ծալքերուն տակ չսայթաքին:
Բարեբախտաբար Ն. Սրբութեան խառնուածքը թշնամի է բոժոժներու. կոնաձեւ վեղարին վրայ ադամանդեայ խաչը չէի տեսներ, իսկ սեւաթոյր մետաքսէ վերարկուն, որուն վրայ կ՛իյնար դեռ բոլորովին չներմկցած մօրուքը, ռուսական պաուանշանին աստղը չէր կրեր: Այս զարդարանքները բոլորովին աւելորդ են այդպիսի դէմքի մը վրայ եւ անոնց բանաձեւերը՝ այս նկարագրին չեն պատշաճիր բնաւ...Հասարակ հայ մըն էր, հոգատար հայր մը, հզօր եւ խորաթափանց մտքի տէր անձնաւորութիւն, որուն պաշտում էր համայն հայութիւնը»...