Դա հրեական անապատում էր' Հորդանանի մերձակայքում: Կեսօրվա բարկ արևը այրում էր իր ողջ դաժանությամբ: Չէր զգացվում քամու և ոչ մի նշույլ: Օդն հագեցած էր չորությամբ ու տաքությամբ:

Լերկ բլուրների միջով գալարվող ճանապարհին երևաց Հուդան' կույր մոր ձեռքից բռնած: Երկար ժամանակ է քայլում էին նրանք լուռ ու մունջ' ոչ մի խոսք չփոխանակելով: Հուդան քայլում էր առջևից' ծանր ու երերուն քայլերով, հայացքը գետնին հառած: Մայրը դժվարությամբ էր հասնում նրա հետևից: Հազիվհազ էր կարողանում ոտքերը շարժել: Ի վերջո նա կանգնեց. հավանաբար ուժերը սպառվեցին: Դժվարությամբ էր ոտքի վրա մնում, որ վայր չընկնի: Հուդան ևս կանգնեց ու նայեց մորը: Ասես զգալով որդու հայացքը' մայրը աղերսական որդուն հառեց ուռած անհայացք աչքերն ու ասաց.
- Որդիս, ես շատ եմ հոգնել:
- Ինձանից շատ' դժվար,- դաժանորեն ու անտարբեր պատասխանեց Հուդան:
- Ծաղրում ես: Դու երիտասարդ ես ու ուժեղ, ես' ծեր ու թույլ ու չես կարող ինձ նման հոգնած լինել:
- Հարցը դա չէ,-նետեց Հուդան նույն անտարբերությամբ ու դաժանությամբ:- Ես ավելին եմ հոգնել, քանի որ դու գնում ես քո ճանապարհով, իսկ ես' ոչ:
- Մի զայրացիր որդիս,- փորձեց մխիթարել մայրը,- եթե աշխատանքը դժվար է, վարձն էլ շատ կլինի:
Հուդան չարությամբ քմծիծաղեց, որն ավելի շատ շրթուքների ծամածռություն էր հիշեցնում, ապա կոպտորեն բռնեց մոր ձեռքն ու տանելով մի քարի մոտ' օգնեց, որ նստի: Ինքը կանգնեց մի քանի քայլ հեռու' գավազանին հենված: Մայրը դեպի Հուդան հառեց իր ուռած աչքերը, որոնք զարմանալիորեն և երախտագիտություն և գորովանք և վախ էին արտահայտում այդ պահին:
- Տեսնում ես, Հուդա, որ այդքան էլ դաժան չես: Եկ, նստիր կողքիս' ճակատիդ քրտինքը սրբեմ:
Նա երկու ձեռքերը երկարեց օդում Հուդային փնտրելով:
Հուդան շարունակեց գամված մնալ գավազանին հենված, անարձագանք թողնելով մոր խնդրանքը: Մեքենայորեն բարձրացրեց հագուստի թևքն ու սրբեց ճակատի քրտինքը:
Մի քանի րոպե կատարյալ լռություն տիրեց:
Հանկարծ Հուդան բարձրացրեց ձեռքերն ու օդում թափահարելով գոռաց.
- Այդ մարդը, թող անիծյալ լինի նա:
Նույն պահին մայրը բնազդաբար պաշտպանական ռեակցիայով բարձրացրեց ձեռքն ու սաստեց'
- Լռիր:
Մոր ձայնի մեջ ինչ որ բան ստիպեց Հուդային լռել: Հարցական հայեց մորը: Վերջինս ուղղվել էր նստած տեղում, զգաստացել, լարվել' ասես ինչ որ բանի ականջ էր դնում:
- Ինչ կա, ինչ որ բան ես լսում,- հարցրեց:
- Լռիր,- նորից սաստեց մայրը,- լռիր, միթե դու չես լսում:
- Ոչինչ չեմ լսում:
- Չես լսում,-մոր ձայնը զարմանք էր արտահայտում,- միթե չես լսում ինչ որ ձայներ, աղմուկ:
- Ախ մայրիկ, մայրիկ, ծեր ականջներդ արդեն ծանրացել են ու կատակում են քո հետ,- հռհռաց Հուդան,- ես ոչ մի բան էլ չեմ լսում, որովհետև ոչ մի ձայն ու աղմուկ էլ չկա: Ինչ պիտի լինի Աստծուց ու մարդկանցից մոռացված այս անապատում:
- Սրտիդ մաղձն է դրա պատճառը, Հուդա ,- ափսոսանքով գլուխը տմբտմբացրեց մայրը,- դրա համար էլ չես լսում: Եթե սիրտդ ցանկանար, որդիս, ականջներդ կլսեին:
Հուդան նենգ քրքջաց.
- Այդ դեպքում աչքերդ սրտիդ են մեղադրում:
Մայրը չպատասխանեց: Ասես չէր էլ լսում Հուդային: Նորից լարեց ուշադրությունը: Դեմքն համակ լարվածություն էր արտահայտում:
- Ոչ, դա խաբկանք չէ, ես լսում եմ, լսում եմ,- ասանց նա դանդաղ,- ձայները մեզանից հեռու չեն: Այ, աղմուկը մեծանում է, իսկ հիմա ոնց որ թե լռեց: տես ինչ հանգիստ է Հուդա, լսիր, լսիր այս հանգստության ձայնը:
Մոր մարմնով սարսուռ անցավ: Ցնցվեց: Ցնցվեց նաև Հուդան: Մոր դեմքն հանկարծ լուսավորվեց: Հուդան աչքի տակով հետևում էր մորը: Հանկարծ ինչ որ վախ համակեց նրան:
Հուդան մոտեցավ մորը, բռնեց ձեռքը, ցնցեց ու սկսեց նախ ցածր ապա հետզհետե բարձրացող ձայնով աղաղակել գոռալ.
- Չեմ լսում, չեմ լսում, ասում եմ քեզ' չեմ լսում:
Մայրը կտրուկ բռնեց որդու ձեռքն այնպիսի ուժգնությամբ, որ Հուդան անկարող գտնվեց ձեռքն ազատել ու թափահարելով ասաց
- Խենթացար ինչ է: Միթե չես լսում այդ ձայնը: Այն գալիս է այնտեղից,- նա մյուս ձեռքը պարզեց դեպի հորիզոնը,-լեռներից: Այդ Նա է, դա Նրա ձայնն է:
- Ով է Նա-ն, ում ձայնն է:
Հուդան ասես խենթացած, անթարթ հայացքով նայում էր մորը:
- Հովհաննեսի,- գրեթե շշուկով ու վախվորած արտաբերեց նա,- դու Հովհաննեսի ձայնն ես լսում:
- Այո, Հովհաննեսի, դա նա է' Հովհաննեսը, մեծ մարգարեն, անկասկած նա է' Հովհաննեսը:- Մոր դեմքն անհասկանալի կերպով պայծառացել էր, լուսավորվել,- օրհնվես զավակս, որ ինձ բերեցիր այս վայրը:
Հուդան ազատվեց մոր ձեռքերից, հեռացավ մի քանի քայլ մռլտալով'
- Անիծվի նա' այդ մարդը:
Ասես ցանկանալով սաստել որդուն' մայրը օդում վեր բարձրացրեց ձեռքը.
- Մի խստացրու սիրտդ զավակս:

- Եթե սիրտս մի քիչ փափուկ լիներ, մենք հիմա վաղուց սովից մեռած կլինեինք,- նետեց Հուդան թիկունքով շրջվելով մորը: