Կար ժամանակ, երբ մենք' կուրսեցիներով, հետո արդեն ռեժիսորներ և գեղարվեստաթատերական ինստիտուտի դասախոսներ, ամեն ազատ պահ ու առիթ օգտագործում էինք Վարդան Աճեմյանի փորձ – պարապմունքները դիտելու համար: Ռաֆայել Ջրբաշյանը հիշում է Վարպետին.

Որոնումներ, որոնումներ…

 

 

Երբ նրան չէր հաջողվում այս կամ այն բեմական խնդրի հավաստի ու խոսուն արտահայտչամիջոցը գտնել, շարունակում էր փորձը վարել վրիժառու մարդու հետևողականությամբ, «պտտեցնում» էր ուսանող – դերասանին, հուշում նորանոր, հաճախ անակնկալ խնդիրներ, անխնա մերժում, պարզապես ջնջում գտածը և նորից փորձում ու փորձում' ձգտելով ապագա արտիստի հոգին հարստացնել, մարմինը մարզել:

Այսպես հաճախ մինչև ուշ երեկո: Պետք էր տեսնել վարպետի և նրա սաների երթը դեպի տուն: Ուսանողները հոգնած էին, մինչդեռ տարեց դերասանապետն ու կուրսի ղեկավարը առույգ էր ու կայտառ:

- Վարդան Նիկիտիչ, չե՞ք հոգնում…

 

 

Ժպտում էր.

- Չեն դիմանում, թե չէ մի այդքան էլ կփորձեի:

Ուսանող – դերասանը մեկ կերպարի անձնավորման ընթացքում նույն խնդրին տասնյակ լուծումներ էր հաղորդում, վերապրում, ստուգում: Այն ամենը, ինչ կուրսի գեղարվեստական ղեկավարը հասցնում էր մեկ բեմադրության ընթացքում տալ ուսանողին, ծավալով անհամեմատ ավելի շատ էր, մասնագիտական առումով ավելի բարձր ու ուսանելի, քան պահանջում էր դասընթացի ծրագիրը:

Ահա որոշ պատառիկներ ուսումնական բեմում նրա փորձերից:

 

 

Երաժշտական կոմեդիայի դերասանների կուրսում փորձում էր Հ. Պարոնյանի, Ա. Այվազյանի «Ատամնաբույժն արևելյանը»: Բեմում Մարթան էր: Վ. Աճեմյանին անհրաժեշտ էր բեմադրությունը սկսել աշխույժ, հանդիսականի ուշադրությունը գրավող, երեկոյան տոնական տրամադրություն հաղորդող ռիթմով, մի խնդիր, որը անփորձ դերակատարը ոչ մի կերպ հաղթահարել չէր կարողանում: Հաճախ էր պատահում, որ բեմական որևէ խնդրի կատարելուն վարպետը նվիրում էի մի ամբողջ փորձ – պարապմունք կամ նրա զգալի մասը: Այդ դեպքերից մեկն էր:

 

Մերթ մոմն էր տալիս դերակատարուհու ձեռքը, թե զգույշ մտիր' գուցե այստեղ է ամուսինդ, գուցե ինչ – որ կնոջ հետ է. դու ուզում ես նրանց հանցանքի պահին բռնեցնել, բայց, երբ տեսնում ես' չկան, դա քեզ ավելի է վհատեցնում, որովհետև դու կուզենայիր, որպեսզի նա, ինչ էլ որ պատահեր, տանը լիներ: Եվ դու կոտրված ու անհույս բողոքում ես, ասում քո մենախոսությունը: Մի ուրիշ անգամ նա դերակատարուհուն առաջարկում էր մտնել շատ արագ, բարկացկոտ ու բարձրաձայն բողոքելով, թե ինչու ամուսինը «ամեն գիշեր գլուխը կառնե, կերթա' ակռա պիտի քաշեմ ըսելով…»: Այսպես նույն խնդրի անթիվ ու անհամար տարբերակներ փորձելուց հետո նա առաջարկեց մեկը ևս.

 

 

- Լսիր: Ուրեմն այսպես: Նիկոյին փնտրելով' արագ – արագ կգաս, կնստես և ուշադիր, շատ ուշադիր կնայես… դահլիճ' գուցե ամուսինդ այնտե՞ղ է…

Ուսանողուհին ճշտությամբ կատարեց առաջադրանքը, արագ բեմ ելավ, նստեց ու նայեց դահլիճ: Ստեղծվեց երկարատև ու լարված դադար, որը հանդիսականին անմիջապես պոկեց առօրյայից ու անհանգիստ սպասման մեջ գցեց: Դադարի ընթացքում տեսարանը լիցքավորվեց ու Մարթայի լաց ու կոծով ամփոփվեց: Տեսարանի լարվածությունը փոխանցվեց հաջորդին, ապա նաև ամբողջ գործողությանը: Անընդհատ կանգնեցնելու և շտկումներ անելու սովոր Աճեմյանը, ուսանող – դերասանների վերապրելու, տվածը ճշտությամբ վերադարձնելու կարողությամբ հաճելի անակնկալի եկած, այդ օրն այլևս փորձը չընդհատեց:

 

 

Վարդան Աճեմյանի ուսանող – դերասանին' ինստիտուտում, անփորձ ու փորձառու դերասաններին' թատրոնում, ճիշտ ուղղորդելու մանկավարժական – բեմադրական միջոցները ստեղծագործական ազնիվ ներշնչանքի, հարուստ բեմադրական փորձի ու անհանգիստ որոնումների արդյունք էին:

 

 

Փորձվում էր նույն ներկայացման Նիկոյի տեսարանը: Աճեմյանը դժգոհ էր' կատարումը միագույն էր: Երբ վարպետի նորանոր խնդիրները, արտահայտիչ ցուցադրումները չօգնեցին, նա կարգադրեց շտապ մի գորգ բերել: Նորից հիշեցնելով դերակատարին նրա դառը կյանքն ու ծանր աշխատանքը, փայտը ձեռքը տալով' բացատրեց, որ այդ ամենում տերն է մեղավորը, որ ինքը' Նիկոն, դա հասկանում ու առիթ է փնտրում վրեժխնդիր լինելու: Այդ առիթն այսօր եկել է' դու թափ ես տալիս մի գործ, որի վրա քո տերն է պառկում: Մինչև իսկ ավելին' հիմա էլ է վրան պառկած: Վրեժխնդիր եղիր:

 

 

Ուսանող – դերասանը փայտն առավ և այնպիսի կատաղությամբ հարձակվեց գորգի վրա ու սկսեց «ծեծել», ասես ոչ միայն Նիկոյի, այլև անընդհատ չստացվող տեսարանի ոխն էր հանում: Ծեծելուց նա ինչ-որ բաներ էր ասում, հավանաբար' հայհոյում, բայց բառերը հարվածների աղմուկի մեջ կորում ու դահլիճի ականջին չէին հասնում:

Տեսարանն ավարտվեց ծափահարությունների ներքո:

Թափառնիկոսն ու Մարթան կռվում էին: Սակայն տեսարանը նախորդի համեմատությամբ բեմադրությանը ոչինչ չէր ավելացնում, չէր դիտվում: Անհրաժեշտ էր էլ ավելի աշխուժացնել այն, որպեսզի ներկայացումն ունենար անընդհատ աճող ռիթմ: Աճեմյանը Նիկոյի դերակատարին առաջարկեց կանգնել ու երկուսին էլ ուշադիր լսել, հավանաբար, ակնկալելով, որ նրա ուշադիր հայացքն էլ կշարժի հանդիսականի հետաքրքրությունը: Սակայն Նիկոյին չէր հաջողվում գտնել բեմական խնդրի իմաստավորված կատարումը, և տեսարանը մնում էր անհետաքրքիր, իսկ Նիկոն' ավելորդ գործող անձ:

 

Ինչպես միշտ, այս անգամ ևս Աճեմյանը թեթև թռիչքով բեմ ելավ և նույն նպատակին հասնելու համար մի այլ խնդիր առաջարկեց, որը ուսանողին պարտավորեցնում էր ուշադիր լինել ու, հաշվի առնելով, որ երկու խաղընկերներն էլ ըստ բեմական կացության պահանջի նրան չեն կարողանա սպասել, որսալ ամեն մեկի վերջին բառը, և քանի դեռ մյուսը չի պատասխանել, խոսքը ճիշտ տեղը տեղադրել: Խնդիրը դերակատարներից պահանջում էր ոչ միայն բեմական անմնացորդ նվիրում, այլև մշակված տեխնիկա: Արդյունքում ուսանողի խաղն ավելին էր, քան բնատուր կարողությունը:

 

Նիկո – ուսանողն այնքան ակտիվացավ, որ նրա տեղին արտաբերած ամեն բառը մեղմացնելու փոխարեն, ակամայից ավելի էր թեժացնում անհաշտ ամուսինների կռիվը: Եվ միայն վերջում, երբ տերն ու տիկինը մի փոքր հանգստացել էին, նոր հիշեց, որ նրա խնդիրը խաղաղացնելն էր, սկսեց կոկորդով մեկ գոռալ, թե եկեք, հասեք, կռվում են և այլն:

 

 

Գոգոլի «Ռևիզորը» մեր ինստիտուտում Վ. Աճեմյանը փորձեց շատ երկար, հատուկ նվիրումով ու մանրակրկիտ մշակելով ապագա ներկայացման ամեն մի մանրամասնը ու անցումը: Դահլիճ մտա, երբ ուսանողուհին ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ Մարիա Անտոնովնայի կերպարի էությունը: Բեմադրությունն արդեն գրեթե ավարտված էր, և նրա բարձ մակարդակը որոշակիորեն ուրվագծված, եթե, իհարկե, դերասանուհին չխախտեր մեծ ջանքերի գնով ստացված կայուն մակարդակը: Այսպիսի դեպքերի համար Վ. Աճեմյանը պահած ուներ մի միջոց, որն օգտագործում էր հազվադեպ, սակայն միշտ անվրեպ: Կերպարի արտաքին նկարագիրը նա կառուցում էր դերակատարի թերության կամ արժանիքի վրա, և այդ նկարագիրը պահպանելով' առաջադրվող հանգամանքներում ստիպում գործել ու ապրել:

 

 

- Լսիր, – դիմեց համբերությունը սպառած Վ. Աճեմյանն իրեն վերջնականապես կորցրած ուսանողուհուն, – դանդաղ արի, միջնամատդ դիր արձանիկի վրա ու անշարժ կանգնիր: Այդպես լավ է: Հիմա աչքերդ խաղացրու:

- Ինչպե՞ս …, – վարանեց աղջիկը:

- Վերև-ներքև արա: Չէ, չստացվեց: Աչքերդ շլացրու: Այ լավ է:

Այսպիսի մի շարք մանրամասներ ևս, և կերպարի արտաքինը համարյա պատրաստ էր: Մի քանի փորձից հետո ուսանողուհին կերպարի արտաքին նկարագրից անցավ ներքին էությանը և հաջողությամբ անձնավորեց:

 

 

Ռեժիսոր – մանկավարժ Աճեմյանը կուրսային բեմադրություններ կատարելիս ուսանողներին դերասանի վարպետության տեսական ու պրակտիկ կայուն գիտելիքներ հաղորդելուց բացի, մտահոգվում էր նաև բեմադրական գեղարվեստական մակարդակի ապահովմամբ: Արդյունքում' ներկայացումը թատերական կյանքի նշանակալից երևույթ էր դառնում: Երբեմն ամիսներ տևող որոնումների ընթացքում ապագա դերասանի վրա տեղում էր մասնագիտության բուն էությունն ու հմայքը բացահայտող գիտելիքների ու տպավորությունների մի այնպիսի հեղեղ, որ բնատուր մինչև իսկ աննշան շնորհով օժտված ուսանողները ակամա հարստանում էին, արթնանում էին նրանց կարողությունները:

 

Բեմադրական ուսումնական բարձր արժանիքներ ունեցող ներկայացում ստեղծելիս' թե ինստիտուտի բեմի ու հաստիքով նախատեսված սպասարկող անձնակազմի ընձեռած սահմանափակ հնարավորությունները և թե դերասան – ուսանողի փորձի, բնատուր շնորհքի պակասությունը նրան կանգնեցրել են այնպիսի դժվարությունների առաջ, որն ի վիճակի էր հաղթահարել միայն Վ. Աճեմյանի տաղանդի ու ստեղծագործական կամքի տեր արվեստագետը:

 

 

Ինստիտուտի բեմում նրա լավագույն ներկայացումներից էին Սոլոգուբի «Քնքուշ սրտից պատուհասը», Սունդուկյանի «Էլի մեկ զոհը», Նար-Դոսի «Սպանված աղավնին», Շիրվանզադեի «Չար ոգին», Գոլդանիի «Հյուրանոցի տիրուհին», Գոգոլի «Ռևիզորը» և այլն: Մեզ' ինստիտուտի առաջին շրջանավարտներիս համար դժվար չէ հիշել, որ այս բեմադրությունների ստեղծման հնոցի մեջ է կոփվել այսօրվա դերասանական գերդաստանի ճանաչված ընթացավարտների մի փայլուն խումբ: Աճեմյանի ամեն մի պարապմունքը ստեղծագործական գյուտ էր, կիսամյակային հաշվետվությունները ուսանողների համար տոնական իրադարձություն, իսկ իր' Վարդան Աճեմյանի ներկայությունը գեղարվեստաթատերական ինստիտուտում երջանիկ իրողություն, որը մենք վայելում էինք:

 

 

Վարպետի համար ինստիտուտը ոչ թե համատեղելու վայր էր, այլ չիրականացված մտահղացումների բեմահարթակ: Մտահղացումներ, որոնք իրականանալով, առանձին փայլ էին հաղորդում մեր թատերական արվեստին:

 

 

Արթուր Հայրապետյան