Իմ հայտարարությունը խորհրդարանական հայտարարությունների ժամին
9.09.2014
Հարգելի գործընկերներ, սահմանադրության փոփոխության թեման տրամաբանորեն դառնում է երկրի քաղաքական օրակարգի թիվ մեկ թեման: Ոչինչ հավերժ չէ, եւ փոփոխությունները միշտ էլ անհրաժեշտ են, եթե ուզում ենք կատարելագործել երկրի կառավարման համակարգը: Հասկանալի էր, որ որոշ քաղաքական ուժեր փորձելու են հանրապետության նախագահի նախաձեռնությունը իրենց շահերի տիրույթում օգտագործել, բայց այս դեպքում ոչ ոք իրավունք չունի շրջանցել պետական շահը կամ ծառայեցնել իր նեղ կուսակցական շահերին: Երկրի Հիմնական օրենքին չի կարելի կոնյուկտուրային մոտեցում ցուցաբերել: Պետք է իրականությանը նայել բաց աչքերով:Պարզաբանեմ՝ մասնագիտական հանձնաժողովը լայն հանրային քննարկումներ է ծավալել հանրության եւ մասնագիտական շրջանակների հետ, հուլիսին հանձնաժողովի անդամները եղել են հանրապետության բոլոր մարզերում եւ ներկայացրել են բարեփոխումների հայեցակարգի նախագծի հիմնադրույթները::Մեր անկախ պետականության կյանքում առաջին անգամ սահմանադրական բարեփոխումների գործընթացը բաց ու հրապարակային է ծավալվում, հանրային քննարկման է դրվում ոչ թե արդեն պատրաստի նախագիծը, այլ այն հիմնական գաղափարները, որոնք պետք է հիմք հանդիսանան սահմանադրական բարեփոխումների բուն տեքստի մշակման համար:
Այս մասին խոսեց նաեւ հանրապետության նախագահը ՀՀԿ խորհրդի նիստում: Հայեցակարգի ելակետը մեր քաղաքական համակարգի արմատական բարեփոխումն է, իսկ դա կենսական անհրաժեշտություն է, մեր երկրի՝ իրավական պետության եւ ժողովրդավարության ճանապարհով զարգացման համար:
Երկրի նախագահը փաստեց, որ պետք է սկսվեն քաղաքական լայն կոնսուլտացիաներ խորհրդարանում ներկայացված եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ ահմանադրական բարեփոխումների վերաբերյալ անհրաժեշտ փոխհամաձայնությունների ձեւավորման համար: Մենք հստակ գիտակցում ենք, որ սահմանադրական բարեփոխումների շուրջ անհրաժեշտ են հնարավորինս լայն համաձայնություններ, արդյունավետ Սահմանադրությունը միայն հասարակական համաձայնության արդյունք կարող է լինել: Մենք պատրաստ ենք անկաշկանդ քննարկել ցանկացած նախաձեռնություն, որն ողղված կլինի իրավունքի գերակայության ու ժողովրդավարության ամրապնդմանը, մարդու իրավուքների հուսալի պաշտպանությանը, կառավարման արդյունավետ համակարգին, դատարանների անկախությանն ու անաչառությանը:
Արդեն իսկ ակնհայտ է, որ նրանք , ովքեր իբր դեմ են արտահայտվում սահմանադրական փոփոխություններին, առաջնորդվում են մանկական պարզունակ ցանկությամբ.«Մամ, լավ էլի, մի քիչ էլ ես նախագահ աշխատեմ, հետո, ինչ-որ փոխելու ենք, փոխենք, հա, պետք է փոխել, բայց էսօր չէ, հետո»:
Ակնհայտ է, որ առաջարկվող փոփությունները օրակարգի հարց են դարձել հեռացող նախագահի առաջարկով, իսկ սա նշանակում է առավել անկողմնակալ եւ սրտացավ մոտեցում: Ինչ վերաբերում է բառացիորեն այսօր հնչած կարծիքին, թե մտադրություն ունեն քննարկումներ սկսել հանրության լայն շրջանակների համար, ստիպված եմ հիշեցնել՝ այդ քննարկումները վաղուց սկսվել են եւ հաջողությամբ ընթանում են, վաղուց եղել է հրավեր, գայիք, կամ՝ եկեք միասին քննարկենք, աշխատանքային խումբն աշխատել է եւ աշխատում է, մասնակից դարձեք, եւ մի փորձեք ձեր վրա քաշել այն, ինչը վաղուց այլեւս դարձել է հանրային սեփականություն:
Մարգարիտ Եսայան