Պակիստանի հյուսիս-արևմուտքում զինյալները թռուցիկներ են տարածում տեղացի բնակչության շրջանում՝ կոչ անելով աջակցել ԻՊ-ին. թռուցիկները այդ շրջաններում կիրառվող աֆղանական փուշթու և դարի լեզուներով են և պարունակում են ԻՊ-ի խորհրդանիշերը:


Թեպետ Պակիստանում ջիհադիստական հրապարակումների տարածումը նոր երևույթ չէ, այնուամենայնիվ, այն մտավախությունները, որ ԻՊ-ը կարող է իր ազդեցությունը տարածել Աֆղանստանին սահմանակից շրջանների պակիստանյան ցեղերի վրա, կարծես իրականություն են դառնում:


Եթե Պակիստանի, Աֆղանստանի և ընդհանրապես ասիական մուսուլմանական պետությունների պարագայում նման զարգացումներն առնվազն կանխատեսելի են, ապա նույնը չի կարելի ասել Եվրոպայի ամենաբարեկեցիկ պետություններից մեկի՝ Նորվեգիայի մասին: Ըստ նորվեգական անվտանգության ծառայությունների՝ այդ երկրի 2 քաղաքացիներ ներառված են ԻՊ-ի ղեկավար կազմում. նրանք այդ պաշտոններին նշանակվել են հենց կառույցի ղեկավար Աբու Բաքր-ալ Բաղդադիի կողմից: Իսկ ընդհանուր առմամբ, նորվեգական իշխանությունների տվյալներով, Սիրիայում ԻՊ-ի շարքերում հանդես են գալիս շուրջ 5 տասնյակ այդ երկրի քաղաքացիներ:

Ստեղծված իրավիճակում նորվեգական ոստիկանությունը բարձրացրել է մարտունակության մակարդակը՝ կապված վերոնշյալով պայմանավորված ահաբեկչական սպառնալիքի աճի հետ:

 

 

Արմեն Պետրոսյան