Մարդիկ հակում ունեն ասեկոսեներին հավատալու: Եթե անգամ չեն հավատում՝ սիրում են լսել ու անգամ չհավատալով՝ տարածել: Ու որքան սուտը մեծ է լինում՝ պարադոքս է, ավելի շատ հավատացողներ են լինում ...
Բայց եթե մի փոքր տրամաբանական փորձաքննության ենթարկեն ու վերլուծեն ամեն ասեկոսե, իսկ դա հայ մարդը կարող է, քանի որ բնությունից (լավ՝ աստծուց) ստացել է բավականին կենսունակ ու օպերատիվ աշխատունակություն ու հզորություն ունեցող ուղեղ, կարող են անձնական վերլուծությամբ կանխեն շատ ապատեղեկատվություններ:


Ահավասիկ պատի տակի հերթական «լրահոսից», որը քիչ առաջ ինձ տրամադրեց ՖԲ-յան իմ լավ ընկերներիցս մեկը, ով այն ստացել էր «փչացած հեռախոսի» միջոցով. «Իսկ հիմա լսեք ամենազարհուրելի նորության մասին։ Ռուսական կազակական ջոկատները Հայաստանում հավաքագրում են Արցախում կռված ազատամարտիկների, որպեսզի ուղարկեն Ուկրաինա՝ պուտինի կողմից հորինված ռուսական հանրապետությունների համար կռվելու։ Եվ սա այն դեպքում, երբ մեր սահմանները պաշտպանելու համար մենք մեծապես ունենք կարիքը փորձառու մարտիկների։»


Հիմա հերթով.


1. «Ռուսական կազակական ջոկատները» արտահայտությունն անորոշ է: Լուրը տարածողին հարցնես կոնկրետ մի ջոկատի անուն՝ չի կարող ասել: Եվ հետո. ո՞վ են այդ ջոկատները, որ մարդիկ հավատան ու այդպես հեշտ հավաքագրվեն: Պետական մարմին ե՞ն: Բնականաբար՝ ոչ: Ու՝ հանուն ինչի՞: Հարգելի ընթերցող, ձեզ որ մեկը մոտենար ու առաջարկեր գնալ նման արկածախնդիր ու կյանքին վտանգ սպառնացող անորոշ տեղանք ու գործողության, կգնայի՞ք: Ի՞նչ երաշխիքներ կարող են տալ ««Ռուսական կազակական ջոկատները»: Բնականաբար՝ արժանահավատ՝ ոչ մի:


2. Ըստ ասեկոսեի՝ հավաքագրում են Արցախյան ազատամարտի մասնակիցներից: Հիմա՝ հերթով: Արցախյան ազատամարտի մասնակիցների միջին տարիքն այժմ որքան է՞: Օրինակ ես 1992-94թթ. Արցախյան ազատամարտի տարիներին 18-21 տարեկան էի: Այսինքն՝ ամենից կրտսեր տարիքային խմբին էի պատկանում: Հիմա ես 41 տարեկան եմ: Դե պատկերացրեք, թե որքան է ազատամարտիկների միջին տարիքը: Իմ հաշվարկներով՝ 55-65-ի միջակայքում:


Ով տեղյակ չի, ասեմ, որ մարտական գործողության համար պիտանի, առաջին ռեզերվում գտնվող զինվորի առավելագույն տարիքը 35-ն է: Հետևաբար՝ մեծագույն մասն արդեն չի կարող լինել գրոհային, քանի որ տարիքն իրենն ասում է: Թե՞ կարծում եք որպես սպաներ են հավաքագրում ))))


Հայ ազատամարտիկը տարիքին չի նայի միայն այն դեպքում, երբ խոսքը իր Հայրենիքի պաշտպանությանն է վերաբերվում: Ասածիս ապացույցը՝ օգոստոսյան առաջին օրերի ռազմագծային միջադեպերը:


3. Եթե նման գործընթաց լիներ, միթե՞ ՌԴ-ում չէին կարող գտնել լոկալ պատերազմի համար այդքան մարդ, որ գային՝ ՀՀ-ից հավաքագրեին: Այդքան անճար երկիր է՞: Գոնե լեռնային տեղանք լիներ Ուկրաինան՝ էլի կմտածեի, որ նման տեղանքներում մարտեր մղելուն վարժ մարդկանց են փնտրում
Մի խոսքով, էլի կարելի էր կետեր շարել, բայց սահմանափակվեմ այսքանով:


Ուղղակի մի հավատացեք ու մի տրվեք ամեն մի անորոշ ու անանուն խոսակցության: Դուք հո տրվող չե՞ք:


Լավ եղեք

 

 

Արթուր Եղիազարյան