Վերջին օրերին ԶԼՄ-ներում դարձյալ ավելի հաճախակի են դարձել իսրայելա-ադրբեջանական ռազմական համագործակցության վերաբերյալ տարաբնույթ հրապարակումները:


Ընդամենը օրեր առաջ՝ օգոստոսի 23-ին, Իրանի օդային տարածքում խոցված իսրայելական անօդաչու թռչող սարքի թռիչքի մեկնարկի վայրի հետ կապված թե՛ Իրանի պաշտոնական և թե՛ զանազան փորձագիտական շրջանակներում վստահորեն առաջ էր քաշվում այն տեսակետը, որ սարքն ուղարկվել է Ադրբեջանի տարածքից:
Իսկ բուն ռազմական համագործակցության հարցում՝ բրիտանական հանրահայտ IHS Jane's մասնագիտացած հրատարակչությունը դեռևս օգոստոսի 28-ին տեղեկատվություն էր հրապարակել այն մասին, որ Հրեական պետությունն Ադրբեջանին կտրամադրի Shaldag Mk V մոդելի 6 պահակային մոտորանավակ և նույն քանակությամբ Saar 62 մակնիշի հրթիռային նավակ. ըստ հրապարակման՝ նավակների հասցեատերը հանդիսանում է Ադրբեջանի ծովափնյա պահպանության ծառայությունը (Sahil Mühafizsin): Նյութի շրջանակներում նաև հիշեցվում է ընթացիկ տարվա հուլիսի 18-ին Բաքվի Թյուրքան թաղամասում շահագործման հանձնված նավաշինական գործարանի գործունեության մասին:


Իսրայելական կողմը, ընդունված օրինաչափության համաձայն, ոչ հերքում, ոչ էլ հաստատում է վերոնշյալ տեղեկատվությունը:


Միևնույն ժամանակ մի շարք պակիստանյան և թուրքական լրատվամիջոցներ բարձրաձայնել են Ադրբեջանի Հանրապետության կողմից Պակիստանից և նույն Իսրայելից միջին ու կարճ հեռահարության բալիստիկ հրթիռներ ձեռք բերելու մասին: Մասնավորապես, խոսքը Israel Military Industries (IMI) և պակիստանյան «Շահին-1», ինչպես նաև՝ առավել կատարելագործված՝ «Խաթֆ-4» հրթիռների մասին է:


Ասածի համատեքստում, բնականաբար, կարելի է կանխատեսել, որ մեր արևելյան հարևանի՝ նման տեմպերով սպառազինվելու քաղաքականությունը և հատկապես սպառազինության վերոնշյալ տեսակների ձեռքբերումն անարձագանք չի մնա ԱՀ մյուս հարևան պետությունների, մասնավորապես՝ Իրանի ու Թուրքմենստանի կողմից:

 

 

Արմեն Պետրոսյան