Հայտնի է, որ իտալացի աշխարհահռչակ ջութակահար եւ երգահան Նիկոլո Պագանինիի հարաբերությունները կաթոլիկ եկեղեցու հետ խիստ թշնամական էին: Եկեղեցու հայրերը, որոնց հանգիստ չէր տալիս նաեւ Պագանինիի փողերի հաշիվը, քանիցս փորձեցին նրան «հրավիրել մեղքերի թողության», բայց ոչինչ չէր ստացվում: Հետագայում վրեժ լուծեցին մեռած Պագանինիից: 1840թ., հիսունյոթ տարեկան հասակում, մեծ երաժիշտը մահացավ: Եկեղեցին արգելեց նրա աճյունը հանձնել հողին:
Այն ցինկե դագաղով տեղափոխեցին նրա ընկերոջ՝ կոմս Չեսոլեի տան ներքնահարկը: Կոմսն օրեր անց աճյունը թաղեց մոտակա ֆաբրիկայի պատի տակ, սակայն շուրջն այնքան կեղտոտ էր ու գարշահոտ, որ դագաղը հանվեց: Տարաբախտ հանճարի դին տեղափոխեցին Սենտ-Օնորե կղզի եւ դրեցին մի ժայռի խոռոչում: Հինգ տարի անց Պագանինիի որդին՝ Աքիլլեն, հոր դագաղը դրեց նավ ու ճանապարհվեց հայրենիք, սակայն Ջենովայի հոգեւորականությունը մերժեց աճյունը թաղել գերեզմանատանը:
Աքիլլեն այս անգամ ճանապարհվեց Մարսել, բայց դագաղն ափ հանել չթույլատրեցին: Երկար էին կաթոլիկ եկեղեցու ձեռքերը: Դիմեցին ամենակարող Հռոմի պապին: Ապարդյու՜ն: Աքիլլեն հորը թաղեց Սեն- Ֆերեոլ անբնակ կղզյակի կենտրոնում: Շուտով, կոմս Չեսոլեի հանձնարարությամբ երգահանի դագաղը փոխադրում են Սենտ-Օսպիս հրվանդան՝ իր կալվածքներից մեկը:
1844թ. Պագանինիի աճյունը փոխադրվեց Ջենովա ու մեկ տարի շարունակ ցինկե դագաղը պահվեց հայրական տանը: Մեկ տարի անց Աքիլլեն հոր աճյունը փոխադրեց իր առանձնատան պարտեզը: 1876 թ. Աքիլլեի որդուն հաջողվեց հասնել եկեղեցական արգելքի վերացմանը եւ թշվառ աճյունը հողին հանձնվեց Պարմայի գերեզմանատանը: Սակայն սա դեռ վերջը չէր:
1893 թ. դագաղը հանվեց հողից ու բացվեց Պագանինիի թոռան եւ չեխ ջութակահար Ֆրանտիշեկ Օնդրժիչեկի ներկայությամբ: Հանգուցյալի դեմքը պահպանվել էր արտակարգ լավ, կարծես ննջելիս լիներ: Երեք տարի անց՝ 1896թ., որոշեցին աճյունը տեղափոխել Պարմայի նոր գերեզմանատունը: Սա արդեն իսկապես վերջն էր:
ՀԳ - Եկեղեցու թույլտվությունը ստանալու համար Աքիլլեն հոգեւոր հայրերին զիջեց հոր թողած գրեթե ամբողջ ժառանգությունը: Վերջապես նրա մեղքերին հետմահու թողություն տվեցին:
Հայե՛ր, գիտե՞ք, որ