Վրացական ավանդազրույց. Վրաց թագավորի մոտ ծառայելու եկան երկու եղբայր' Սարգիս ամիրսպասալարի որդիներ Զաքարիան ու Իվանեն: Նրանք մասնակցում էին Հովհան կաթողիկոսի մատուցած պատարագին, որից հետո Զաքարիա ամիրսպասալարը եւս ցանկացավ մոտենալ եւ նշխար վերցնել: Սակայն վրաց հոգեւորականները չտվեցին, որովհետեւ հավատով հայ էր, նզովյալներից: Զաքարիան ամաչելով, ցանկացավ հափշտակել նշխարը եւ ուտել: Այդ պատճառով կաթողիկոսը, կրակի նման բռնկվելով, սաստիկ հանդիմանեց ու ասաց. «Ուղղափառներից ոչ-ոք թույլ չի տա իրեն քահանայագործության ժամանակ կամավորաբար նշխար տալ ձեզ' յոթիցս նզովյալ հայերիդ...»:
Պալատում ընթրիքի հրավիրված Զաքարիան կարճ ինչ-որ խոսք ասաց անհավատի, որովհետեւ խոսքերով անարգում էր մեր հավատը: Նա ասաց Հովհանին. «Ես' զորականս, լավ գիտակ չեմ քեզ պատասխանելու համար, բայց կհրավիրեմ մեր հավատի վարդապետներին, ովքեր իմ փոխարեն կամաչեցնեն քեզ»: Երբ եկան բոլոր վարդապետները, կաթողիկոսը հերքում էր հայերի ասածը, բայց նրանք իրենցն էին հաստատում: Եւ երկարեց հարցուպատասխանը մինչեւ երեկո: Ինչպես գիտեք հայերը ճարտարաբան են, մեծ աղմուկ բարձրացրին, իսկ Հովհան կաթողիկոսն ասաց. «Ա'րդ, գիտցե'ք, եթե ձեր հավատը մերից լավն է, ձեր միջոցով հացը կփոխարկվի Տիրոջ մարմնի: Եթե մերն է ավելի լավը, մեր քահանայագործության միջոցով կփոխարկվի Տիրոջ մարմնի»:
Նրանք ասացին. «Թող այդպես լինի»: Կաթողիկոսն ասաց լսողության համար սոսկալի մի խոսք. «Գործով ցույց տանք, ոչ խոսքով: Վերցնենք նշխարը, թեեւ պատշաճ չէ եւ դնենք շան առաջ. ում դրածը ուտի' նրա հավատը հավատ չէ»: Այս լսելով վրաց թագավորն ու ժողովուրդը զարմացան, նրանց պատեց անուժությունը: Երբ ուշքի եկան' սաստիկ առարկելով ասացին կաթողիկոսին. «Ինչ ասացիր, լսելու համար էլ սարսափելի է»: Կաթողիկոսն ավելի եւս պնդում էր: Թեեւ հայերը չէին ցանկանում, բայց տվեցին միմյանց շներ ու գնացին դեպի իրենց վրանները: Սկսեցին հսկումը: Երեք օր անց հավաքվեցին տաճարի բակում:
Մի կողմում վրաց թագավորն էր ու կաթողիկոսը, մյուս կողմում' հայերը եւ Զաքարիա ու Իվանե Երկայնաբազուկները: Շներին բերեցին հրապարակ: Հովհան կաթողիկոսը, որ կանգնած էր ինչպես աներեր աշտարակ' կառուցված սիրով, հնչեցրեց փայլուն ձայնը եւ դիմեց Երկնայինին, ապա սաստիկ սոված շան առաջ դրեց մի կտոր սարսափազդու անարյուն զոհից: Տեսնելով նշխարը, շունը վրա պրծավ, մոտեցավ անմերձենալիին, բայց նույն պահին ուժեղ ոռնաց ու չհպվեց այն սրբոց սրբությանը: Հայերը ոչ թե կամենում էին նույնն անել, այլ ակամա համաձայնվեցին: Հայերի դրածը շունն անմիջապես հափշտակեց: Քարթերը սկսեցին ուրախ ձայնով փառաբանել Աստծուն եւ սաղմոսներ էին ասում, իսկ հայերն անձայն հեռացան Երկայնաբազուկների վրանը:
Լոռեցիները սերնդեսերունդ հասցրել են այս պատմությունը, որն անմիջական առնչություն ունի վերոնշյալ վրաց ավանդազրույցի հետ: Պատմում են, որ մի անգամ, երբ Իվանեն գովաբանել է վրաց հավատը, Զաքարեն հակադարձել է եւ ասել. «Ամենեւին մի կասկածիր հայոց հավատին ու վարդապետությանը, իսկ այն, ինչ կերավ շունը, ոչ այլ ինչ էր, քան սովորական հացի կտոր: Չէ որ գրված է' «Սուրբ բաները շներին մի՛ տվեք և ձեր մարգարիտները խոզերի առաջ մի՛ գցեք»:
Վրաց ավանդազրույցը տես'
«Թագակիրների պատմությունն ու գովաբանությունը» որպես Զաքարյան Հայաստանի ու Զաքարյանների պատմության սկզբնաղբյուր, ՀՀ ԳԱ հրատարակչություն, 1992 թ. (Վրացական աղբյուրները Հայաստանի եւ հայերի մասին)
Հայե՛ր, գիտե՞ք, որ