«Իսլամական պետություն» (ԻՊ, նախկինում՝ ԻՇԻՊ) իսլամական ծայրահեղ արմատական կազմակերպությունն ունի սեփական մայրաքաղաքը՝ Ռակկան, առաջնորդն՝ Աբու Բաքր ալ-Բաղդադին, գաղափարախոսությունը՝ խալիֆայության վերածնունդը՝ հիմնված շարիաթի նորմերի վրա, հովանավորները՝ հանձին որոշ սաուդյան և կատարյան շրջանակների, իսլամական հիմնադրամների, սեփական ֆինանսական միջոցներ և եկամուտի կայուն աղբյուրներ՝ Սիրիայում և հատկապես Իրաքում իրականացրած վերջին նվաճումներից հետո և, իհարկե, նորակոչիկների անսպառ բազա:


Թերևս, միակն, ինչ չունի ԻՊ-ը, դաշնակիցներն են, կամ բարեկամ պետություններ տարածաշրջանում, որոնց հետ կարելի է հարաբերություններ հաստատել: Անգամ տալիբների վարչակարգն Աֆղանստանում, ի տարբերություն, պաշտոնական հարաբերություններ էր հաստատել Սաուդյան Արաբիայի, Կատարի, Պակիստանի հետ:


Այս համատեքստում, ամեն բան, ըստ էության, կապված է ժամանակից, զարգացումներից՝ թե որքանով կկարողանա նորահառչակ խալիֆայությունն ամրապնդվել սեփական տարածքներում, դառնալ տարածաշրջանային գործոն՝ ստիպելով իր հետ հաշվի նստել մյուս խաղացողներին. դատելով կառույցի դեմ առկա տրամադրություններից՝ նրա դեմ համախմբվում է ողջ միջազգային հանրությունը, որի քայլերի վճռականությունից էլ կախված է ԻՊ-ի գոյության և գործունեության հեռանկարը:

 

 

Արմեն Պետրոսյան