ARMENIAN QUEENS (Episodes. Sheerin) Հայոց կանանց, հայոց թագուհիների գեղեցկությունն ու կանացիությունը հազարամյակներ ի վեր չափանիշ էին համարվում ոչ միայն մեզ, հայերիս, այլ նաեւ օտարերկրացիների համար:
Այսօր նորանոր գիտական' գենետիկական ու լեզվաբանական տվյալներ են ի հայտ գալիս հին Եգիպտոսի առասպելական Նիֆերթիտի թագուհու հայկական ծագման մասին, որի ակունքները հասնում են դեռեւս ն.թ.ա. 2-րդ հազարամյակում խորհրդավոր հիքսոսների, այսինքն հին հայկյան թագավորության ասպատակումներին դեպի Եգիպտոս: Սակայն մինչեւ որ հաստատվեն այս առեղծվածի անհերքելի ապացույցները, անդրադառնանք շատ ավելի ակնհայտ օրինակներին, որոնք, այնուամենայնիվ, մնում են դեռեւս անհայտ շատերի համար:

 


Հիշենք, օրինակ, պարսկական գրականության հանճարի, 13-րդ դարի բանաստեղծ Նիզամի Գյանջեվիի “Խոսրովն ու Շիրինը” պոեմը, կամ 16-րդ դարի թյուրքալեզու մեկ այլ դասական' Ալիշեր Նավոիի “Ֆարհադն ու Շիրինը”, որոնց գլխավոր հերոսուհին երկու դեպքում էլ' 7-րդ դարում ապրած ու Պարսիկ շահ Խոսրովի կինը դառձած հայ արքայադուստր Շիրինն է, որը հայերեն Սիրուն անվան փոփոխված ձեւն է:

 


“Շապուհը անապատը կտրեց- անցավ, շտապում էր Հայաստան հասնել, ուր լեռներում, տափից հեռու, ծաղիկների ու մարգերի գրկում ապրում են փերիները գեղեցիկ...”
Փաստորեն, “Լեյլան ու Մեջնուն” պոեմի հետ մեկտեղ, Շիրին արքայադստեր կերպարը դարձել էր ողջ արեւելյան միջնադարյան պոեզիայի գլխավոր կանացի խորհրդանիշը, սիրո ու գեղեցկության չափանիշն ու նմուշը: Առասպելական դառձած քաղցրահամ համեմատություններն ու այլաբանությունները, գովասանքներն ու սիրո անվերջ, անհամար, անթիվ խոստովանությունները , որ այդքան բնորոշ են արեւելյան պոեզիաին, ստեղծեցին հենց հայ կնոջ, Շիրինի պաշտամունքն եւ կուռքը: Միգուցե միայն բիբլիական Երգ Երգոցը կարելի է համեմատել Շիրինին նվիրված մեծարումների հետ: Բավական է լսել այս անվերջ շարանի մի քանի գոհարները.

 


"Փերի է նա, դեմքով' լիալուսին...Աչքերը սեւ լույսով լցրին գիշերը: Ծամերը սեւ, կարծես արմավենու վրա Ստրուկներն են սեւամորթ ելնում խուրմա հավաքելու, Եւ համը նույն շուրթերն են հաղորդում... Իսկ ատամները' մարգարիթ օվկեանոսի, Քիթն էլ կարծես մի թուր ուղահայաց, Որ սիրտն է իմ կիսում անհավասար...
Նրա դեմքից խամրեց աստղերի լույսը, Լուսինը հեռացել է ամոթխած.... Փոքրիք ծնոթը խնձորի նման է քաղցր, Կրծքերը արծաթե նռեր կարծես լինեն, Երկու վարդի բողբոջ միջից ծաղկած... Շրթունքների սուտակի տակ բացվում է մի շարան մարգարիտե... Լուսինը խալ է մի չնչին նրա դեմքին: Մեջնունն անգամ կգայթակղվեր նրա գեղեցկությամբ, Չէ որ Շիրինի մոտ Լեյլին էլ կխամրի...”

 

 

Պարսից շահ Խոսրով Երկրորդի սերը հայ քրիստոնյա արքայադստեր Շիրինի նկատմամբ այնպիսի մեծ տպավորություն ու ազդեցություն է թողել արեւելյան քնարական արվեստում, որ Նիզամիից երեք հարյուր տարի անց Ալիշեր Նավոին նույն հայուհուն դառձնում է իր “Ֆարհադն ու Շիրինը” պոեմի հերոսուհի: Թյուրքալեզու պոեզիայի հիմնադիրը ձգտում էր գերազանցել իր մեծանուն պարսիկ ուսուցչին, համեմատելով հայ գեղեցկուհու դեմքը ոչ ավել, ոչ պակաս քան մահմեդական սրբության' Ղուրանի հետ, որի ներքո նա սիրո ու հավատարմության երթում է տալիս:

 

Այսօր հավատացյալ մահմեդականի համար սրբապղծություն կթվա բանաստեղծի խոստովանությունն առ այն, որ հայ գեղեցկուհու ամեն թարթիչը ' մի նիզակ է, որը հազարավոր կրոններից ու հավատքներից հզոր ու սուր է... Հատկապես հետաքրքիր է պոեմի մյուս հերոսի, սիրահարված Ֆարհադի սխրագործությունը հանուն Շիրինի: Նա ժայռերից կառուցում է մի դղյակ, որի ամեն պատի վրա քարից տաշած են Շիրինի բազմաթիվ պատկերները: Նկատի առնելով, որ իսլամը խստորեն արգելում է նկարել ու քանդակել մարդկային կերպարները, Ալիշեր Նավոին թողել է զարմանալի ու աննախադեպ մի նկարագրություն.

 

 

“Գահի վրա նստած գեղեցկուհին փերիներով պատված է շուրջբոլորը: Սակայն որքան հրեշտակային լինեն նրանք, Միայն տեսիլք են, ձեւ են ու մարմին, Մինչդեռ Շիրինն այնքան սիրուն է ու հավերժ, Որքան մարմնավորված անմահ հոգին... ”

 

 

Հայ գեղեցկուհու կերպարը, շնորհիվ Նիզամիի եւ Նավոիի պոեմների, դարեր շարունակ մնում էր իսլամական արվեստի մեջ երկնային սիրո, մարմնական գեղեցկության եւ անգամ էրոտիզմի գրեթե միակ թույլատրված օրինակը: Շիրինի պատկերներով տոգորված են պարսկական, արաբական, անգամ հնդկական մանրանկարները, կարպետները, խցանկարները: Հանճարեղ բանաստեղծների, նկարիչների, գուսանների շնորհիվ միջնադարյան Արեւելքում հայ արքայադուստր Շիրինը հանդիսացավ կնոջ ազատության հազվադեպ խորհրդանիշ, հաղթահարելով կրոնական խիստ արգելքներն ու հասարակական դաժան ադաթները:

 

Հրաշքով պահպանված այս պատկերների շնորհիվ մենք կարող ենք այսօր էլ տեսնել հայ կանանց դեմքերն ու զգեստները, պատկերացնել նրանց շարժուձեւն ու հագուկապը, նրանց նրբաճաշակությունն ու բնավորությունը: Ավելին' դիտելով տարբեր ժամանակաշրջաններում ու վայրերում արված այս նկարները, մենք համոզվում ենք, որ հայ կանայք ցանկացած պայմաններում հավատարիմ էին մնում ազգային ավանդույթներին, հավատքին ու արժեհամակարգին, պահպանելով ու փոխանցելով այն սերնդե սերունդ:

 

 

 

 

 

Տիգրան Խզմալյան