Բոլոր գայլերն արդեն կուշտ են, բայց թե ինչու՞ չեն ցանկանում համբերատար իրենց ժամին երկար սպասած ոչխարներն էլ կշտանան, այ դա է զարմանալի...

Զարմանալի երկիր ենք բուծել. սկսած մանկապարտեզի տարիքից՝ ով փոքր ինչ տարբերակ և դիրքային առավելություն ունի՝ մյուսին ճնշում է՝ նվաստացնելով, ստրկացնելով, խեղճի գլխին իշխանական հովեր առնելով, խրատելով և մտրակելով, կախյալության մեջ պահելով, խլելով և փոշիացնելով նրա բարի համբավն ու էժան առուծախի ենթարկելով միակ ամենաթանկը՝ արժանապատվությունը:

 


Վերջում էլ ստիպելով ներեղություն հայցել՝ ապրելուդ համար և՝ շնորհակալություն, որ դեռ չես մեռել իրենց ձեռքով:

Նախկին հասարակարգում մեր իդեալիստները գլուխներս լցնում էին, որ փողն անկարևոր է, ոչինչ, որ փողը մարդուն անպատվող միակ գործոնն է, որ կարևորը հոգևորն է...

 


Էշ-էշ ընկնելով այս անորոշ, դեռ ծագումով անհայտ հասարակարգի մեջ, այստեղ էլ գլուխներս ջարդում են, որ փող չունես, քեզ համարում են աղբահորի շուն,թազի, պայտած ավանակ, թրջված հավ, ջրահեղձ կատու, հոտած բոմժ, անպիտանի ապրանք, ի վերջո՝ ոչնչություն... եթե նույնիսկ դու հոգևոր շտեմարան ես, եթե նույնիսկ դու վեհանձն ու առաքինի ես, եթե նույնիսկ քո երկրի արժանավոր մտավորականն ես, գրողը, արվեստագետը...անգամ եթե՝ Նարեկացի ու Կոմիտաս էլ լինես...
Այս ինչ դժբախտ, մահապարտ սերունդ եղավ գայլերի կշտանալուն համբերատար սպասող՝ իմ սերնդի սերուցքային մասը՝ անցնելով երկու խելագար, ծայրահեղ իրար ժխտող հասարակարգերի միջով...

 

 

Այսքանից հետո ինչպե՞ս չհամաձայնես Բուկովսկու ասածին՝ միայն ապրել, արդեն ծանր աշխատանք է...
Ինչպե՞ս չմտածես ստի և ճշմարտության շուրջը, ինչպե՞ս չփորձես հասկանալ նրանց սատանայական ֆորմուլան և ինչպե՞ս հազարերորդ անգամ չհանգես միշտ նույն, անմխիթար քանորդին. սուտը շատ վկաներ ունի, ճշմարտությունը՝ ոչ մեկ...

 

 

Սուսաննա Բաբաջանյան