Սովետական տարիներին ընդունված էր, որ մտավորականությունը միշտ հանդես է գալիս հավաքական կերպարով ու ՙՙպետպատվերի՚՚ շրջանակներում սազանդարություն է անում իշխանության համար:
Սովետական այդ խեղկատակությունը փոխանցվեց նաև մեր օրեր:
Մինչդեռ, իրական մտավորականն արժեք է՝ հենց սեփական ՙՙես՚՚-ով, քաղաքացիական դիրքորոշմամբ ու կեցվածքով, ընդհանուր անդեմության մեջ չտարալուծվող իր տեսակով:
Եթե կուզեք, նույնիսկ բնական եմ համարում, որ իրական մտավորականը հակադրության մեջ մտնի իշխանության հետ՝ վերջինիս ավտորիտար լինելու պարագայում:
Արևմուտքում հաճախ եք հանդիպում, որ մտավորականներն իրենց ձայնն են բարձրացնում իշխանության տարբեր նախաձեռնությունների դեմ:
Օրինակ, արևմտյան ինտելեկտուալներն իսկական հակապատերազմական արշավ սկսեցին, երբ ԱՄՆ ու Մեծ Բրիտանիայի կառավարություններն որոշեցին պատերազմական գործողություններ ծավալել Սադդամի ռեժիմի դեմ:
Թողնենք այն հագամանը, թե որքանով էին ճիշտ Վաշինգտոնի կամ Լոնդոնի փաստարկները կամ նրանց ընդդիմախոսների հակափաստարկները:
Կարևորն այն է, որ հասարակություններն այլընտրանքային կարծիք լսելու հնարավորություն ունեցան:
Հիմա կոմպոզիտոր Անդրեյ Մակարևիչն ընդդիմանում է Կրեմլի ուկրաինական քաղաքականությանը: Դրա մեջ ես նույնիսկ ռացիոնալիզմ եմ տեսնում, որովհետև 82% ոգևորվածներին ինչ-որ մեկը պետք է սթափության կոչ անի, եթե նույնիսկ Մակարևիչի կամ մեկ ուրիշի փաստարկները բավարար չափով հիմնավորված չեն:
Բայց ինչպե՞ է իշխանությունն արձագանքում կոմպոզիտորին, արդյո՞ք պոլեմիկա ծավալելու ցանկություն կա:
Իհարկե՝ ոչ:
Ռուսաստանի Պետդումայի պատգամավորները ցանկանում են կոմպոզիտոր Անդրեյ Մակարևիչին զրկել պետական կոչումներից և «Հայրենիքին մատուցված ծառայությունների համար» մեդալից:
Այսպիսի նախաձեռնությամբ է հանդես եկել իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության պատգամավոր Եվգենի Ֆյոդորովը: Նա Մակարևիչին մեղադրել է պետական դավաճանության, հակառուսական պրոպագանդայի և նույնիսկ ֆաշիզմին աջակցելու մեջ:
Նման խեղկատակության հետևանքով տուժելու է ոչ թե դիրքորոշում ունեցող Մակարևիչն, այլ՝ Ռուսաստանը:
Նախ, ևս մեկ անգամ արձանագրվելու է, որ այս երկրում այլակարծությունը տեղ չունի:
Եվ հետո՝ Մոսկվան անուղղակիորեն հաստատելու է, որ ուկրաինական հակամարտության անմիջական կողմ է, պատերզամի մասնակից ու հենց այդ տրամաբանությամբ էլ պատժում է մարդու, ով պատերազմի ժամանակ պաշտպանում է հակառակորդի տեսակետ:
Սուրեն Սուրենյանց