Այս օրերին, երբ ՌԴ-ն ու ԵՄ-ն փոխադարձ պատժամիջոցներ են կիրառում, Հայաստանի համար ևս տնտեսական հարաբերություններում փոփոխությունների անհրաժեշտություն ու միևնույն ժամանակ հնարավորություն է առաջանում: Մասնավորապես, արևմտյան մի շարք պետություններից ՌԴ ներմուծման դադարով Հայաստանի համար ռուսաստանյան շուկայում ազատ գոտիներ են առաջանում: Ինչ խոսք, դրանցից կարող են օգտվել նաև մեր հարևանները:
Մեր հասարակությունում այս առումով առկա է մտահոգություն առ այն, թե մենք որոշակի վարանման կամ տրանզիտային խնդիրների պատճառով չենք կարողանա դիմակայել մրցակցությանը և Թուրքիան ու այլ երկրներ կբավարարեն ռուսական շուկայի պահանջարկը' Հայաստանին թողնելով խաղից դուրս:
Ըստ իս, այդ շուկայի պահանջարկը բավական մեծ է, որպեսզի մեկ պետություն կարողանա բավարարել այն ու դուրս թողնի մյուս հավանական մատակարարներին: Նույնիսկ Թուրքիան այդ առումով բավականաչափ հզոր չէ: Էլ չեմ խոսում Հայաստանի մասին: Երբ խոսվում է, թե' շտապեք, Թուրքիան համաձայնագիր է ստորագրում Ռուսաստանի հետ' ապրանքներ ներմուծելու վերաբերյալ, դա մեզ համար պետք է որպես նորմալ երևույթ ընկալվի: Արդյոք բնակա չէ՞, որ Թուրքիան Հայաստանից մի քանի անգամ, եթե ոչ մի քանի տասնյակ անգամ ավելի հնարավորություններ ունի և ՌԴ-ն նախևառաջ շտապելու է Թուրքիայի հետ կարգավորել այդ խնդիրները իր իսկ ապահովության համար:
Այլ հարց է, թե որ պետության ապրանքն է առավել որակով ու առավել մրցունակ կամ որ պետությունն ունի ապրանքը տեղ հասցնելու առավել պարզ ու մատչելի եղանակներ: Հայաստանը եթե բավականաչափ բնամթերք էլ ունենա պահեստավորած, ունի առհասարակ այն տեղ հասցնելու խնդիր: Առաջին հերթին մենք պետք է մտածենք գնագոյացման վրա տրանզիտի անբարենպաստ պայմանների ազդեցությունը նվազեցնելու ուղղությամբ:
Հ.Գ. Ի դեպ, ճիշտ չէ հույսը դնել ռուսական շուկայի մասշտաբայնության վրա և հուսալ, որ ցանկացած ապրանք հնարավոր է այնտեղ իրացնել:
Դավիթ Պետրոսյան