...Ես շատ եմ հակասական: Երբ կա ներշնչանքը, ամենաաշխատասեր մարդն եմ: Երբ չկա, անտանելի ծույլ եմ, տառապող ծույլ...

 


... Իմ շրջապատում այն կարծիքը կա, որ ես առհասարակ համեստ մարդ եմ, բայց պիտի հիասթափեցնեմ՝ այդպես մտածողներին և ասեմ՝ այն մարդը, որ գրիչ է վերցնում գեղարվեստական գործ գրելու համար, արդեն իսկ համեստ չէ:
ԵՎ ավելին՝ այն մարդը, որ գրիչ է վերցնում հայ բազմադարյան ու զարմանալի պոեզիայի մեջ խոսք ասելու, առավել ևս համեստ չէ: Իսկ եթե ես այնուամենայնիվ համեստ մարդու տպավորություն եմ թողնում, ապա դա պարզապես նրանից է, որ լավ գիտեմ, թե ինչ է եղել ինձանից առաջ:

 


ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ

 


Հայ ժամանակակից բանաստեղծ Վահագն Դավթյանը ծնվել է 1922թ. օգոստոս 15-ին, Արևմտյան Հայաստանի Արաբկիր գյուղաքաղաքում: 4 տարեկան է եղել, երբ Տրապիզոնից նավով գաղթել են և ժամանակավորապես հաստատվել Կրասնոդարում, այնտեղից էլ արաբկիրցիները 30-ականներին եկել և Երևանում հիմնել են նոր Արաբկիրը:

 


Պոետի հայտնի Երմոնիա տատը չհասցրեց հասնել Հայաստան, Կրասնոդարում էլ մահացավ: Մոր և քրոջ հետ հաստատվեցին Երևանում, հայրը ավելի ուշ միացավ, քանի որ Կրասնոդարում փռնչիություն էր անում և օգնում ընտանիքին:

 

 

1948թ. ավարտել է Երևանի պետական համալսարանը: Եղել է Հայրենական պատերազմի մասնակից, «Ավանգարդ» թերթի աշխատակից՝ 1945 - 1954թթ., «Գրական թերթի» պատասխանատու քարտուղար՝ 1954 - 1962թթ., «Գրական թերթի» գլխավոր խմբագիր՝ 1962 - 1965թթ., «Հայրենիքի ձայն» թերթի հիմնադիր-գլխավոր խմբագիր՝ 1965 - 1967թթ., Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի նախագահի տեղակալ 1967 - 1981թթ., «Վերածնված Հայաստան» հանդեսի գլխավոր խմբագիր՝ 1981-1991, Հայաստանի գրողների միության նախագահ՝ 1991-1994թթ., 1986 թ.՝ Ակադեմիայի թղթակից անդամ, 1996թ.՝ ակադեմիկոս:

 

 

Գեղարվեստական գրականություն «Երկերի ժողովածու 2 հատորով» 1975թ.: «Երկերի ժողովածու 2 հատորով» 1985թ.: Մոտ 40 բանաստեղծական ժողովածուներ, գրական- հրապարակախոսական հոդվածների 2 գրքեր, մամուլում տպագրված մոտ 1000 հոդվածներ, գրախոսություններ, էսսեներ, հուշագրություններ.

 

 

Պարգևատրվել է «Հայրենական պատերազմի երկրորդ աստիճանի», «Աշխատանքային կարմիր դրոշի», «Պատվո նշան» շքանշաններով, Հայաստանի պետական մրցանակի կրկնակի դափնեկիր է:

 

 

Մահացել է 1996թ. փետրվարի 21 ին Երևանում, հանգչում է Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում:

 

 

Լռեր խռովքն այս, ու ինձ թվար,
Թե ես աղբյուր եմ մամուռն ի վար,
Գարնան անձրև եմ ու առավոտ,
Ցողաթաթախ եմ ու շաղավոտ,
Լեռնային լիճ եմ, այնքան եմ ջինջ,
Որ մեջս լույս է ու էլ ոչինչ,
Ցորենի հասկ եմ, որ լուռ հակվում,
Ճառագայթով է շարունակվում,
Լեցուն փեթակ եմ, ոսկե փեթակ,
Որ զրնգում է արևի տակ,
Կապույտ ծաղիկ եմ, խոտ եմ ու սեզ,
Այնքան խոնարհ եմ, հո՜ղ եմ ասես,
Այնքան թեթև եմ, անանձնական,
Որ բարի լո՜ւյս եմ, որ ես չկամ…

 

 

Մարինա Գևորգյան