Պարույր Սևակի ելույթներից մեկն էի կարդում քիչ առաջ։ Ասում է. «Մենք պարտավոր ենք շահել շախմատային մեր այն խաղը, որ սկսել ենք ոչ թե մենք, այլ Մեսրոպ Մաշտոցը…»
Էս խնդրի մասին վաղուց էի մտածում։ Մի քանի տարի առաջ ընկերս' Mkrtich Tonoyan-ը, համոզել է ինձ, որ մենք ժառանգություն չսիրող ժողովուրդ ենք։ Յուրաքանչյուր սերունդ ամեն ինչ նորից է սկսում։ Ու հիմա, երբ Սևակը ասում է, որ պիտի Մաշտոցի սկսած խաղը հաղթենք, մի տեսակ խորթ զգացողություններ եմ ապրում։
Մի կողմից հասկանում եմ, որ բացարձակ ճշմարտություն է բանաստեղծի ասածը, մյուս կողմից' դժվար եմ պատկերացնում ինձ ու մեր ներկայիս հասարակությունը Մաշտոցի հետ նույն գործն անելիս։ Ցավով եմ նորից համոզվում, որ Մկրտիչը նույնպես ճիշտ է. մենք մինչև վերջ չյուրացրեցինք Մաշտոցի, Խորենացու, Նարեկացու, Սևակի ժառանգությունը։ Սերունդներին իրար կապող թելը, կարծես, կտրված լինի։
Դրա համար այն խնդիրները, որոնք վերոնշյալ ելույթում բարձրացնում էր բանաստեղծը, ավելի խոր արմատներով առկա են նաև այսօր։ Նույնն էլ վերաբերվում է Մաշտոցի դարաշրջանի մարտահրավերներին։ Եվ չնայած բոլոր այդ հարցերի լուծումներն արդեն տրված է, միևնույն է մենք' հայերիս ներկա սերունդը, շարունակում ենք նոր լուծումներ որոնել, կրկին հեծանիվ հորինել...
Այնինչ հաջողության բանալին թաքցված է արդեն իսկ մեջբերված բանաձևում' Մենք պարտավոր ենք շահել շախմատային մեր այն խաղը, որ սկսել ենք ոչ թե մենք, այլ Մեսրոպ Մաշտոցը… Միակ ելքն այս է' միանալ մեր անցյալներին, կրկին սնվել մեր արմատներից և քաղցր պտուղն իրեն երկար սպասել չի տա։
Հրանտ Մելիք-Շահնազարյան