Ադրբեջանի իշխանությունները պարբերաբար կրկնում են, որ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքը դա Արևմտյան Ադրբեջանն է: Անգամ այդ գաղափարն ամրագրել են իրենց «գիտական» և կրթական համակարգում: Ի՞նչ է սա՝ եթե ոչ բացահայտ սպառնալիք՝ ուղղված ՀՀ-ին ու ողջ հայությանը: Դրանով արդեն իրենք ամրագրել են, որ երբ մի փոքր հնարավորություն ունենան՝ գրավելու են Հայաստանի Հանրապետությունը և վերականգնելու իրենց՝ այսպես ասած «պատմական իրավունքները»:
Այս մոտեցումով նրանք հարկադրում են, որ իրենց ընկալենք որպես հավերժական թշնամի: Եվ քանի դեռ կա այդ արհեստածին պետությունը՝ նա չարիք է լինելու Հայաստանի համար:
Որպես հակադրման առաջին քայլ, կարծում եմ, որ մեր պետական քաղաքականության մեջ էլ պետք է ամրագրել, որ Հայաստանի պատմական արևելյան սահմանը Կուր գետն է: Եվ եթե դրանք ևս մեկ անգամ համարձակվեն ռազմական ճանապարհով լուծել մեր երկու երկրների միջև առկա խնդիրները, հետևաբար թող իմանան, որ այդ ժամանակ, խնդիրներն իսպառ բացառելու համար՝ կվերականգնվի պատմական արդարությունը:
Նման քաղաքական ուղղու ամրագրումն ի՞նչ կտա մեզ.
1. Պարբերաբար միջազգային հանրությունը կլսի այն մասին, որ Հայոց Արևելից սահմանը Կուր գետն է: Պատմագիտությամբ, կարծում եմ, որ սա անժխտելի փաստ է, որի մասին հնարավորինս ավելի շատ պետք է լսելի դարձնել համայն մարդկությանը:
2. Ադրբեջանում բնակվող բնիկ ազգային փոքրամասնությունները հստակ կիմանան մեր պահանջատիրության չափը, որով կհասկանան, որ մենք հավակնություն չունենք լեզգիների, ավարների, թաթերի, թալիշների և այլ բնիկ էթնոսների պատմական հայրենիքների հետ: Անգամ հակառակը՝ իրենց ապագա ազատագրական պայքարների ժամանակ հայոց բանակը կընկալեն որպես իրենց դաշնակից՝ միասնական մինիկայսերական ազերբայջանական իշխանապետության դեմ պայքարում: Նվազագույնն ինչ կտա. այն, որ ներկայում ադրբեջանական բանակում ծառայող ազգային փոքրամասնությունները չեն ուզենա պայքարել մեր դեմ, քանի որ իրենց բնիկ տարածքների հանդեպ հավակնություններ չեն լինի մեր կողմից:
Կարելի է էլ ավելի շատ հանգամանքներ նշել, բայց այս պահին, որպես առաջին քայլ՝ այսքանով սահմանափակվեմ:
Արթուր Եղիազարյան