IX դարում, Բյուզանդիայի գիտական կյանքում աչքի ընկնող երեւույթ է հանդիսացել համալսարանի վերաբացումը Մագնավրի կոչվող պալատում։ Այս համալսարանի մեկենասն է հանդիսացել Վարդ Մամիկոնյանը, Իրինա թագուհու եղբայրը, ում հայազգի Միքայել կայսրը նշանակել էր կեսար։ «Վարդը,_ գրում է Թեոփանի Շարունակողը, _ ուշադրություն դարձրեց արտաքին գիտությունների վրա... եւ այնպես արեց, որ գիտական իմացությունները Մագնավրում նորից ծաղկեցին»։ Բյուզանդագետ Շառլ Դիլը նույնպես բարձր է գնահատում այս կրթօջախի դերը. «Կ. Պոլսի համալսարանը, որ վերաբացվեց Մագնավրի պալատում՝ Վարդ Պատրիկի նախաձեռնությամբ, Լեւոն Թեսալացու ղեկավարությամբ դարձավ մշակույթի հրաշալի կենտրոն»։
Համալսարանի առաջին ռեկտորը՝ հայազգի Լեւոն Իմաստասերը, ով Կ. Պոլսում հայտնի էր նաեւ Լեւոն Մաթեմատիկոս անունով, Հովհաննես Քերականի եղբոր որդին էր։ Նա հրաշալի տիրապետում էր փիլիսոփայությանը, բնագիտությանը, մաթեմատիկային, գործնական մեխանիկային, եռանկյունաչափությանը եւ աստղագիտությանը։ Նրա աշակերտերից էր Փոտը, սլավոնական գիր ստեղծող Կոստանդինը (Կյուրեղ, Կիրիլ), Կոմիտաս Քերականը եւ ուրիշներ։

 

 

Հայե՛ր, գիտե՞ք, որ Լեւոնի հեղինակությանն է վերագրվում վառվող խարույկների միջոցով հեռավոր տարածությունների վրա ազդանշաններ հաղորդելու գյուտը, որի շնորհիվ մեկ օրվա ընթացքում հնարավոր էր տեղեկանալ շուրջ 2000 կմ հեռավորության վրա տեղի ունեցող կարեւոր իրադարձությունների, մասնավորապես թշնամական ուժերի տեղաշարժի մասին։ Բարձրադիր վայրերում, միմյանցից մինչեւ 10-15 կմ հեռավորության վրա, ստեղծվեցին զինվորական հենակետեր։ Թշնամու ներխուժման դեպքում դրանք հաջորդաբար, մեկը մյուսին հետեւելով՝ կրակ էին վառում եւ լուրն արագ հասցնում պահանջվող վայր:

 

Ցերեկը ծուխն էր ազդարարում վտանգի մասին, գիշերը՝ կրակի լույսը։ Լեւոնը պատրաստել ու բյուզանդական արքունիքին նվիրել էր «արտասովոր թռչուններ ու գազաններ», որոնք հարկավոր պահին սկսում էին շարժվել ու ձայներ արձակել։ Բյուզանդագետ Ե. Է. Լիպշիցը գրում է. «Առյուծներն սկսում էին մռնչալ, թռչուններն սկսում էին տարբեր ձայներով երգել»...

 


Մաթեմատիկական գիտությունների դոկտոր Գ. Բ. Պետրոսյանը գտնում է, որ Լեւոնը «նրբին հաշվումների միջոցով լուրջ հաջողությունների էր հասել մեխանիկայի եւ ակուստիկայի բնագավառում»։

Նկարում՝
Օսիոս Լուկաս վանական համալիր, Բյուզանդիա, XI դար