Այսօր պատահական աչքովս ընկավ հայկական երգի մրցույթներից մեկը, որի մի ակնթարթն էլ հերիք եղավ այն մտորումներին, որը կկիսվեմ ձեզ հետ:
Ուրեմն աշխարհի ցանկացած երկրում, երբ որևէ տեսակի մրցույթ է լինում, այդ մրցույթի ժյուրին կամ իր պրոֆեսիոնալիզմով, կամ իր հեղինակությամբ մի քանի անգամ պետք է բարձր լինի մասնակիցներից պահանջվող ունակություններից, որպեսզի նրա տրված գնահատականները ընդունելի լինեն հասարակության համար:
Հայաստանում ճիշտ հակառակն է տեղի ունենում. մրցավարների մեծ մասը իրենց տաղանդով ու հեղինակությամբ մի քանի անգամ զիջում են մասնակիցներին:
Նույնն էլ այլ բնագավառներում է տեղի ունենում. Դատավորների մեծ մասը ավելի մեծ հանցանքներ են կատարել իրենց կյանքում ու չեն դատապարտվել, քան նրանք ում նույն այդ դատավորները դատում են. պաշտոնյաների հիմնական մասը իրենց արհեստավարժությամբ զիջում են իրենց ենթականերին, գեներալների գերակշիռ մեծամասնությունը, իրենց վաստակով, համարձակությամբ ու արհեստավարժությամբ հարյուրապատիկ անգամ զիջում են սովորական զինվորներին, եպիսկոպոսների մեծ մասը իրենց հավատով բազմապատիկ անգամ զիջում են դպիրներին ու սարկավագներին, դոցենտների մեծ մասը իրենց գիտելիքներով զիջում են պարզ ուսանողներին...
Ես չեմ խոսում բոլոր դպիրների, ուսանողների ու զինվորների մասին, սակայն եթե նույնիսկ նրանց տասը տոկոսն էլ բարձր է իր ղեկավարությունից, ապա բնության օրենքը ենթադրում է, որ վերնախավը իր տեղը պետք է զիջի նրանց, ովքեր իրենցից ավելի բանիմաց են, որպեսզի օրգանիզմը կարողանա զարգանալ:
Առաքել Սեմիրջյան