Հնում յուրաքանչյուր համայնքի ներսում գոյություն են ունեցել բաժանումներ ըստ սեռի և տարիքի: Այդ բաժանումներից ստեղծվել են հասակակիցների խմբերը, որոնք առաձին-առանձին գործունեություն են ծավալել նախ տոհմի, ապա համայնքի, ավելի ուշ՝ գյուղի և քաղաքի պաշտամունքային, տնտեսական-քաղաքական կյանքում:
Հասակակիցների միությունների կազմակերպման հիմքում ընկած է եղել տարիքային 5 հիմնական բաժանում՝ պատանիներ, չամուսնացած երիտասարդներ, ամուսնացած երիտասարդներ, միջահասակներ և ծերեր: Հասակակիցների միություններ գոյություն են ունեցել շատ ժողովուրդների մեջ, նաև Հայաստանում: Նրանք իրենց մասնակցությամբ իմաստավորել են հասարակական հանդեսներն ու տոները: Ազգային-ազատագրական շարժումների ժամանակ երիտասարդական միությունները դարձել են ռազմական ուժի կենտրոնացման օջախներ:
Յուրաքանչյուր խմբավորում ունեցել է իր անունը:
1. «Տղա» (մանչ ու ախչիգ):
2. «Քյարսալա» (այսիքն՝ խակ) ջահիլ (պատանի):
3. «Ջահիլ». սրանք բաժանված են եղել ամուսնացածների ու չամուսնացածների:
4. «Հասաձ մարդ» (մինչև 50 տարեկան տղամարդիկ ու կանայք):
5. «Էխտիար» (ծերունի՝ 50 տարեկանից մեծ տղամարդիկ ու կանայք):
ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՍԱԿԱԿԻՑՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐ: Ծերունիների հասակակիցների միությունները կոչվում են «նստարաններ», խոսակցական լեզվում՝ «սաքի (հատուկ բարձր տեղ՝ նստելու համար) կամ օդա նստել»: Ամեն տարի մի պատվավոր գյուղացու օդա տարերայնորեն դարձել է հավաքատեղի: Եթե գյուղը մեծ էր կամ քաղաքի թաղերը՝ շատ, մեկ թաղից մյուսը գնալը դիտվել է անհարմար երևույթ: Ծերունիների համար հավաքատեղի են եղել ձիթանքները, գոմերը, օդաները, իսկ քաղաքներում՝ արհեստանոցները:
«Նստարանները» կրել են խորհրդի բնույթ, ունեցել իրենց նպատակները, գործունեության ձևն ու ծրագիրը: Ընտրվել է ղեկավար, որը մեծ հեղինակություն է վայելել. մասնագիտությունն ու զբաղմունքը կարևորություն չեն ներկայացրել: Կանանց ու երիտասարդ տղամարդկանց արգելվել է մտնել ծերունիների հավաքատեղիները: Մասնակիցները նստել են ավագության կարգով. որքան տարիքով, այնքան դեպի վեր՝ օջախին մոտ: Հյուրը համարվել է պատվավոր, և նրան տեղ է հատկացվել օջախին մոտ՝ տանտիրոջ կողքին: Անդամները եղել են հավասար իրավունքների տեր: Յուրաքանչյուր անդամ պարտավորվել է պատասխան տալ միության ամեն մի անդամի և ընդհանուրի համար, պաշտպանել նրանց վտանգի կամ դժբախտության դեպքում, մասնակցել ամեն տեսակի քննարկվող հարցերի հավաքներին:
Երիտասարդ տղամարդկանց միություններ՝ «ազաբների օդա». հավաքատեղի դարձել են այն օդաները, գոմերը, ուր ծերունիները երբեք չեն հավաքվել: Ունեցել են ղեկավար-կազմակերպիչներ, որոնց բոլորը հարգել ու ենթարկվել են: Միության անդամների ինքնակամ հեռացումն արգելվել է: Հավաքվել են ժողովների, տոնախմբությունների ու հատուկ խորհրդակցությունների:
Անդամների պարտականությունն էր՝ սովորել երգեր, պարեր, ավանդություններ և իրենց հերթին սովորեցնել գիտեցածը, տարեկան տոներին, հարսանիքներին համապատասխան դերերով հանդես գալ, մասնակցել թաղումներին, կազմակերպել նյութական օգնություն հանգուցյալի ընտանիքին, նախապատրաստել թաղման արարողությունները, օգնել տնային, դաշտային և, առհասարակ, բոլոր աշխատանքներում: Անցյալ դարի սկզբներին... արհեստավորների միությունները՝ համքարությունները, աստիճանաբար իրենց ձեռքը վերցնելով քաղաքի տնտեսությունը, ընդգրկել են տղամարդկանց հասկակաիցների միությունների գրեթե բոլոր անդամներին, ձեռք բերել այդ կազմակերպությունների բոլոր իրավունքերը և դարձել միասնական, ազդեցիկ մի նոր կենտրոն:
ԿԱՆԱՆՑ ՀԱՍԱԿԱԿԻՑՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐ: Կանայք զբաղեցրել են հացատունը. հիմնական նպատակը փոխադարձ օգնությամբ աշխատանքը թեթևացնելն էր: Պահպանել են և իրար մթերքներ տալու սովորությունը: Այն հնարավոր է դարձնում մթերքների կուտակումը և պահպանումը:
Աղջիկների հասակային միությունները հատուկ հավաքատեղի չեն ունեցել, միության անունը հայտնի չէ, ընտրված ղեկավար չեն ունեցել: Սովորություն է դարձել կրթված մի կնոջ հրավիրել, վարձատել, որպեսզի նա աղջիկներին կարել, հյուսել, ասեղնագործել, երգել ու պարել, գրել-կարդալ սովորեցնի, բացատրի քաղաքավաության ձևերը: Այդ կինն իր սաների ամուսնության ժամանակ կարևոր պարտականություններ է ստանձնել, բացատրել է ամուսնության հետ կապված փոփոխությունները:
Այսօր նրան փոխարինել է հարսնաքույրը: Բացի հարսանիքներում ունեցած պարտականություններից՝ չամուսնացած աղջիկները կրել են նաև փոխադարձ օգնության պարտավորություններ: Աղջիկները դուրս են եկել բաց դաշտերը, մոտիկ սրբավայրերը: Այդպիսի հավաքներին մասնակցել են նաև տղաները: Ճիշտ է, կանայք ու աղջիկները գյուղի կյանքում որոշակի դեր չեն կատարել, սակայն կարևոր է եղել նրանց գործունեությունը տնտեսական կյանքում: Նրանք պահպանել ու սերունդներին են փոխանցել նաև մի հասակային շրջանից մյուսին անցնելու հինավուրց ծեսերն ու սովորությունները:
(Ժ. Խաչատրյան, «Պարը հայոց մեջ» հոդվածների ժողովածուից)
Ֆիմինե