Օսմանյան պետության 36 սուլթաններից 15-ը հեռացվել են իշխանությունից: Նրանցից 9-ը սպանվել են:
Եղբայրասպանությունը Օսմանյան արքունիքում օրինականացվել է դեռեւս 1478 թ., երբ Մեհմեդ Բ Նվաճողը, ցանկանալով խուսափել իշխանության համար հնարավոր պայքարից, հրապարակեց հետեւյալ օրենքը. «Իմ որդիներից նա, ով գահ բարձրանա, իրավունք ունի սպանել իր եղբայրներին, որպեսզի կարգուկանոն լինի արքունիքում ու երկրում»: Այնուամենայնիվ, խիստ զգուշավոր սուլթանը, չի կարողացել խույս տալ դավադրությունից եւ մահացել է թույնից: Սուլեյման Ա սուլթանի հայրը՝ Սելիմ Ահեղը (Յավուզ) (1512– 1520 թթ.), գահին տիրացել է՝ սպանելով հորը, երեք եղբայրներին ու տասը ազգականներին: Նրա որդին՝ Սուլեյմանը, կնոջ խորհրդով, հրամայել է սպանել անդրանիկ որդուն՝ Մուստաֆային:
Վրանում թաքնված սուլթանը սառնասրտորեն հետեւել է, թե իչպես են դահիճները խեղդամահ անում որդուն։ Սուլեյման Ա-ի թոռան՝ Մուրադ Գ-ի (1574-1595 թթ.) զոհերի թիվն անցնում է մի քանի տասնյակը: Դրանց թվում էին հարազատ եղբայրներն ու մերձավոր ազգականները: Մուրադ Գ-ի որդի Մեհմեդ Գ-ն (1595-1603 թթ.), դավադրությամբ նստելով սուլթանական գահին, սպանել է իր 19 եղբայրներին, հրամայել Բոսֆորի ջրերում խեղդել հոր հղի հարճերին, որպեսզի նրանք ախոյաններ չծնեն իր համար:
Ինչպես վկայում է նրա ժամանակակից սըր Ջոն Սանդերսոնը, Մեհմեդ Գ-ն ուներ 81 զավակ, որոնք ամնասն չեն մնացել միմյանց հոշոտելու նախնյաց ավանդույթից: Նրա ավագ որդի եւ գահաժառանգ Ահմեդ Ա-ն, որը սուլթան է դարձել 15 եւ մահացել 30 տարեկանում, հարեմում պահել է մոտ հազար հարճ՝ գլխավորապես եւրոպացի աղջիկներ: Նրանք ապրում էին մահապարտների նման, բռնության ու սարսափի պայմաներում: Ստամբուլում է գտնվում Յոթաշտարականոց ամրոցը՝ Եդի կուլեն, ուր անհետ կորել են բազմաթիվ սուլթաններ, գահաժառանգներ եւ նրանց մերձավորներ:
Այստեղ մահապատժի են ենթարկվել նաեւ օտարերկրյա դեսպաններ: Բակում գտնվող ջրհորը կոչվել է «կարմիր», «արյունալի». այնտեղ էին նետում կտրված գլուխները: Բազմաթիվ ոճիրների վայր է եղել նաեւ Թոփքափը պալատը, ուր հատուկ զնդաններում տանջամահ են արվել սուլթանների «հնարավոր» ախոյանները: Յուրաքանչյուր վայրկյան արքունիքում ապրող հազարավոր մարդկանց կյանքը կախված է եղել ամենօրյա պալատական խարդավանքներից: Խաղաղությունն այնտեղ երբեք չի հյուրընկալվել: