Հայաստանի արտաքին քաղաքականության պատասխանատուներին' ներկայիս իրադարձությունների վերաբերյալ քննադատողների մի ջոկատ է ձևավորվել, որը կազմող տարբեր ստացված ու չստացված նախկին դիվանագետներին ու երիտկուսակտիվիստներին իրենց արտահայտած մտքերով կարելի է երկու խմբի բաժանել.


1.Մարդիկ, ովքեր, ընդհանրապես, հեռու են դիվանագիտությունից և դրա բնույթն ու կիրառական ֆունկցիաներն ըմբռնելուց, և զբաղված են մեծով մասամբ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ու անձամբ նրա ղեկավարի հասցեին անձնական վիրավորանքների տարափ ուղղելով' «առյուծաձև հայրենասերի» դերի մեջ մտած,


2.Մարդիկ, ովքեր նախկինում ևս օրնիբուն տեսախցիկ են փնտրել' իրենց սիրած «մեր ժամանակ բա սե՞նց էր» երգը հնչեցնելու համար:


Ընդ որում, այս երկու խմբերին էլ միավորում է հաճախ կրկնվող միևնույն ախտանիշը, երբ տարբեր առիթներով սեփական ապատեղեկատվությունն ու թեմայի վերաբերյալ մասնագիտական գիտելիքների պակասն ու տարրական վերլուծություն անելու անկարողությունն ուղղակի ծիծաղելի վիճակի մեջ են դնում վերջիններիս:


Հարկ է մեկընդմիշտ հասկանալ, որ դիվանագիտությունը, որ հաճախ համեմատում են այսբերգի հետ, որի մեծ մասը ջրի տակ է և անտեսանելի, չի ենթադրում անընդհատ բարձրագոչ հայտարարություններ արված աշխատանքների վերաբերյալ: Կատարված աշխատանքները շատ հաճախ հրապարակման ենթակա չեն և հրապարակելու դեպքում կարող են միայն վնաս հասցնել մեր երկրի վարած քաղաքականությանը: Արտաքին գործերի նախարարը հրապարակային կերպար է այնքանով, որքանով հրապարակման ենթակա են նախարարության կողմից կատարված աշխատանքները: Նախարարը ոչ միայն չի կարող անտեղյակ լինել որևէ քաղաքական գործընթացից, այլ, ընդհակառակը, նախարարության աշխատակազմի մասնակցությամբ գրեթե ամենօրյա հանդիպումներ են գումարվում, որտեղ քննարկվում են ձեռքբերումներն ու նախանշվում կատարվելիք քայլերը: Տարբեր նոտաների, հանդիպումների և հեռախոսազրույցների մասին տեղեկատվություն հրապարակելու դեպքում այդ ամենը ոչ միայն Հայաստանում են կարդալու ու համապատսխան քայլեր անելու։


Արտգործնախարարությունում աշխատում են բարձ որակավորում ունեցող պրոֆեսիոնալներ, որոնք բոլորից լավ գիտեն իրենց գործն ու ուղղորդման կարիք չունեն: Այս համատեքստում արժե տարբեր կուսակցությունների երիտթևերի որոշ ներկայացուցիչների, ովքեր մեծ սեր ունեն համաշխարհային քաղաքական գործիչների, այդ թվում նաև' Զբիգնև Բժեզինսկու հետ նկարվելու գործում, խորհուրդ տալ գոնե կարդալ նույն Բժեզինսկու «Մեծ շախմատային խաղատախտակը» կամ «Նոր աշխարհակարգի ուրվագծերը» աշխատությունները:


Քննադատների մեկ այլ բևեռ, ինչպես արդեն նշվեց, անընդհատ նույն երգն են երգում' փորձելով ամեն ինչում սևացնել նախարարությանը: Թեև ասում են, որ դիվանագետը նախկին չի լինում, սակայն տարակուսանք են առաջացնում այդ նախկին դիվանագետների հայտարարությունները արտաքին քաղաքականությանը վերաբերող բազմաթիվ սկզբունքային հարցերի վերաբերյալ:


Նախևառաջ, զարմանալի է այն հանգամանքը, որ հայ (թեկուզ նախկին) դիվանագետը հենվում է ադրբեջանական լրատվամիջոցներից ստացվող տեղեկատվության և, ընդհանուր առմամբ, ադրբեջանական քարոզչամեքենայի դիրքորոշումների վրա: Համենայն դեպս, միայն ադրբեջանական աղբյուրներում է նշվում, որ հայկական կողմը Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող առաջարկությունները մշտապես մերժել է: Զարմանալի է, որ այսպիսի տեսակետներ ունեցող անձնավորությունը երկար տարիներ պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել ՀՀ ԱԳՆ-ում:
Իրականությունն այս հարցերի վերաբերյալ այն է, որ Ադրբեջանի նմանատիպ պահվածքը դիվանագիտական ճակատում ունեցած շարունակական ձախողումների հետևանք է: Տարիներ շարունակ նրան չի հաջողվել գրանցել հաջողություն դիվանագիտական ճակատում և պարտվելով այդ ճակատում' Ադրբեջանն այժմ փորձում է հաջողություն գրանցել արդեն մեկ անգամ ձախողած ուղղությամբ՝ ռազմական ճակատում:


Նմանատիպ տրամաբանությամբ վերոնշյալ մարդիկ հիշատակում են հայկական կողմի գործողությունները 2011թ. հունիսին Կազանում տեղի ունեցած հանդիպմանը: Իսկ սա, ընդհանրապես, մի նոր բացահայտում է գործընթացի պատմության մեջ, որովհետև անգամ ադրբեջանական լրատվամիջոցները չեն համարձակվում հայկական կողմին Կազանի հանդիպման վերաբերյալ քննադատող որևէ տեսակետ արտահայտել, քանզի դա ուղղակի անհնար է անել: Բոլորին հայտնի է, որ Ադրբեջանի նախագահը, խուսափելով կազմված փաստաթղթի ստորագրումից, վերջին պահին առաջարկել է 10 նոր կետ մտցնել փաստաթղթում և դրանով բնականաբար ձախողել փաստաթղթի ստորագրումը: Կազանի հանդիպումն, իսկապես, կարելի է բնորոշել որպես լակմուսի թուղթ, որն անմիջապես ցույց տվեց խնդրի լուծմանն Ադրբեջանի պատրաստ չլինելը:


Այո, արտգործնախարարությանը քննադատող այդ անձինք ճիշտ են. ասում են' երբ դիվանագետները լռում են, կրակում են թնդանոթները: Սակայն նաև ասում են, որ պատերազմը սարսափելի է, բայց ստրկությունն ավելի վատ է:


P.S. Ադրբեջանի խորհրդարանի ոչ անհայտ նախկին խոսնակ Ռասուլ Գուլիևը նախօրեին «Ноев Ковчег» թերթին տված հարցազրույցում  նշել է, որ Հայաստանը երբեք ոչ մի փաստաթուղթ չի ստորագրի, որը չի հաստատի Ղարաբաղի անկախությունը»: Հետաքրքիր հակադարձ համեմատականություն կա ադրբեջանցու հայամետ և հայի պրոադրբեջանական հայտարարությունների միջև:

 

 

 

Սասուն Հովհաննիսյան