Այն, որ երկրում տեղի ունեցող այս հրեշավոր թալանն է հիմք տալիս մեր թշնամիներին կարծելու, թե Հայաստանն այնքան է թուլացել, որ ամենահարմար պահը հիմա է մեզնից առավելագույնը ուժով կամ ուժի սպառնալիքով խլելու, կասկածից վեր է:
Առավոտից երեկո հայրենասիրական կոչեր են հնչեցվում, թե հողը մշակողն է պահում, այդ հողուջրի տերնուտիրականը, ոչ թե՝ սահմանապահը: Մինչդեռ սահմանամերձ գյուղերը դատարկվում են, քանի որ գրեթե բոլոր տներն ու հողերը գրավի տակ են, ու ոչ մի հույս չկա, որ կկարողանան վարկերը փակել: Համ էլ՝ Սերժ Սարգսյանն էր, չէ՞, կոչ անում սահմանամերձ գյուղերին լքել տարածքն ու ապրելու համար ավելի հարմար տեղ գտնել։
Մի քանի տարի առաջվա կործանարար տնտեսական քաղաքականության արդյունքում, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պատեհ առիթն օգտագործելով, մեր բանկերը գործնականում դարձան ամբողջական գյուղերի ու բնակավայրերի սեփականատերեր, այն դեպքում, երբ համախառն ներքին արդյունքի գծով ունեցանք աշխարհի ամենավատ ցուցանիշը:
Հիմա գուցե բանկերի ասոցիացիան ԿԲ-ի հետ համատեղ մի շրջաբերական պատրաստեն ու համապատասխան բանկերի աշխատակիցներին գործուղեն սահմանամերձ իրենց կալվածքները թշնամուց պաշտպանելո՞ւ: Գյուղացի կամ ֆերմեր սեփականատիրոջ դասակարգը աչքներիս առաջ վերանում է, իսկ նրանց փոխարեն առաջացել է, որքան էլ ահավոր հնչի՝ ստիպված պետք է ասեմ, բատրակների դասակարգ, իսկ որ ամենավտանգավորն է՝ հատկապես սահմանամերձ գյուղերում, որտեղ ապրելն ու գումար վաստակելն ավելի բարդ է:
Ո՞ւմ հողին կառչած եք ուզում գյուղացին մնա, եթե ինքն այլևս հող չունի, իր համար ի՞նչ տարբերություն այս բանկի հողերի վրա է բատրակություն անում, թե այն, էլ ինչո՞ւ պետք է կյանքը վտանգի: Դե ավագ սերնդի ոգին, հին հիշողությունները, հողուջրին տեր լինելը դեռ մեջները նստած է, իսկ երիտասարդին կարո՞ղ եք ասել, թե ինչն է կապելու ամեն օր կրակի տակ գտնվող գյուղում, երբ ոչ տուն ունի, ոչ էլ սեփական հող։ Ի՞նչ է՝ օրավարձով աշխատանք ուրիշ տեղ չկա՞, ի՞նչ է՝ կյանքի գնով մի կտոր հաց է ուտելու ու բանկերի սեփանությունը պաշտպանի՞:
Այո՛, դաժան իրականությունն այն է, որ մեր իշխանությունները ծրագրավորված դատարկում են Հայաստանը, հատկապես սահմանամերձ բնակավայրերը, անունն էլ դրել են մարդու ազատ տեղաշարժի ընտրության իրավունքի հարգում: Փոխանակ այստեղ ապրելու ու արարելու իրավունքը հարգեն, ընտրության իրավունքը հարգեն, անտանելի պայմաններ են ստեղծում ու արտագաղթելու իրավունքը հարգում:
Ուշագրավն այն է, որ հիմա էլ նոր բան են գտել իրենց իշխանությունը պահպանելու համար։ Թմբկահարում են, թե այս լարված պահին ի՞նչ իշխանություն, ի՞նչ ընդդիմություն, պետք է բոլորով համախմբվել Սերժ Սարգսյանի շուրջ:
Դե եթե պահն այդքան օրհասական է, նախ՝ ո՞ւմ մեղքով, որ հիմա էլ մեղքի օջախի շուրջ համախմբում եք պահանջում:
Երկրորդ. դուք ձեր ո՞ր ծրագրից եք այս պահին հրաժարվում, որպեսզի հասկանանք, որ ինքներդ գիտակցում եք պահի լրջությունը: Թանկանոց մեքենաների գնումնե՞րն եք դադարեցրել, հայտարարե՞լ եք, որ հիմա սահմանադրական փոփոխությունների ժամանակը չէ, որ հիմա երկրի թալանը պատրաստ եք դադարեցնել մի որոշ ժամանակ գոնե:
Այս զավեշտալի և նաև ողբալի վիճակը մի անեկդոտ հիշեցրեց ու թեպետ պահը հարմար չի, բայց ստիպված պիտի պատմեմ, որպեսզի ասելիքս պարզաբանեմ ու իշխանության մանկլավիկների «շուստրիությունը» վեր հանեմ:
Ուրեմն, դատում են մի տղայի, ով դաժանաբար սպանել է սեփական ծնողներին: Դատի ավարտին, երբ ասում են, թե ասա վերջին խոսքդ, տղան ասում է, թե՝ որբ տղա եմ, մի քիչ մեղմ մոտեցեք:
Հիմա Սերժինն է։ Ասում է՝ ես երկիրը հասցրել եմ պատերազմի շեմին, դե համախմբվեք իմ շուրջ, օգնեք, որ դիմագրավեմ թշնամուն:
Լավ է գոնե Ալիևի արկածախնդրությունը մեր հայրենասիրական ոգին մի որոշ ժամանակով ու մի որոշ չափով բարձրացրեց, բայց նաև ցույց տվեց մեր խոցելի տեղերը: Մինչև ե՞րբ պետք է ամեն օր զինվոր հողին հանձնենք, որպեսզի հասկանանք, որ հարկավոր է մեզ այս վիճակին հասցրած իշխանությունների քաղաքական հուղարկավորությունն օր առաջ անենք, ու ամեն ինչ իր տեղը կընկնի:
Արմեն Հարությունյան