Ընդհանուր գծերով լրիվ համաձայն եմ պարոն Արա Հարությունյանի այս ծավալուն նոթի հիմնական մտքի հետ որ այո, ժողովրդին զինելը այս իրավիճակում կլինի շատ խելամիտ ու մտածված քայլ հետագա հնարավոր մեծ աղետներից զերծ մնալու համար։
Համաձայն եմ նաև հեղինակի այն մտքի հետ որ Ադրբեջանը պատերազմ սկսելու հարցում հազիվ թե նայի Ռուսաստանին կամ նրա դրդմամբ սկսի։
Սակայն իմ գրառումներին հետևողները նկատած կլինեն որ բազմաթիվ անգամներ ասել եմ որ Ադրբեջանը չի գնա պատերազմի Հայաստանի հետ նախ այն պատճառով որ կվտանգի իր նավթագազային կոմունիկացիաները և չի ստանա այն միլիարդները որոնք ստանում է այսօր։ Երկրորդը որ նրա միահեծան ղեկավար Ալիևին անձամբ այդ պատերազմը ձեռնտու չէ և անձնական եկամուտների և իշխանությունը՝ հետևաբար նաև մինչև այժմ թալանածը պահելու և վայելելու տեսանկյունից։ Բացի այս հաանգամանքներից կա նաև լեզգիների հնարավոր զինված ելույթների հանգամանքը ինչպես նաև Թուրքմենստանի հետ վիճելի նավթագազային հսկայական տարածքների հարցը Կասպից ծովում։
Մի քիչ ծավալուն կանգ առնեմ վերջին կետի վրա։ Երբ Ադրբեջանը ինչ որ առափնյա նշանակության զենքեր էր գնում Ռուսաստանից ես գրել եմ որ հազիվ թե այդ տեխնիկան նա գնում է Ղարաբաղի հետ Սարսանգի ջրամբարում կռվելու համար ու նշել էի որ նա լուրջ խնդիրներ ունի Կասպիցի նավթա-գազային հանքավայրերի բաժանման հարցում։ Հիմա այդ մտքին կավելացնեմ ռուսների մասին մի այսպիսի ենթադրություն։
Հազիվ թե ռուսները Հայաստանին խփելու համար զինեին Ադրբեջանին։ Դա անհավանական է այն պատճառով որ ռուսները նման ակցիայից մեծ սպասելիքներ չպիտի ունենային։
Կարծում եմ որ ռուսները շատ ավելի խելոք են քան մեզ թվում է։ Նրանք Ադրբեջանին զինելով Թուրքմենստանին հասկացնել էին տալիս թե ով է ռեգիոնի տերը և ով պետք է որոշի թե նավթի ու գազի որ խողովակը որ ուղղությամբ պիտի գնա։ Այսինքն Ադրբեջան-Ռուսաստան-Թուրքմենիա եռյակը իրա առանձին խաղասեղանը ունի որի շուրջը լուրջ պայքար է գնում Կասպյան տարածաշրջանի էներգակիրների կարևորագույն հանքերի համար։ Այս խաղասեղանի շուրջը լուրջ շահեր կան և այն իր իրական նշանակությամբ հսկայական կարևորություն ունի նշածս եռյակի համար։ Իսկ Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան եռյակի հնարավոր խաղադրույքները իրականում շատ չնչին շահեր են պարունակում ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Ռուսաստանի համար։
Եկեք իզուր տեղը մեզ մեծ կարևորություն չվերագրենք ու մեյդան չմտնենք այս նավթագազային կռվի ճիշտ կենտրոնում։
Ես նախորդ սատուսներումս արդեն ասել եմ որ եթե հայ-ադրբեջանական լուրջ բախում լինի այն կնախաձեռնվի ռուսների կողմից հայերի միջոցով։ Դա կլինի նախազգուշական հարված Ադրբեջանին նրա ապագա մենամարտում Թուրքմենսատանի և Ռուսաստանի հետ։
Մի խոսքով ենթադրում եմ որ Ռուսաստանը Ադրբեջանին զինում էր հիմնականում Թուրքմենստանի սանձերը իր ձեռքում պահելու համար։ Հնարավոր է նաև Իրանի դեմ եթե հանկարծ Իրան-Ռուսաստան համատեղ քաղաքական նախաձեռունթյունները էներգակիրների արտահանման հարցում լուրջ տարաձայնությունների հանդիպեն ապագայում։
Կռիվը հանուն էներգակիրների է այլ ոչ թե Արարատյան դաշտի գյուղերից մեկում մի գյուղացու բանջարանոցում աճեցրած երկու կապ կոտեմի համար։ Կոտեմը վաղուց քաղաքական կատեգորիա չե և մարդիկ նրա համար լուրջ պատերազմներ չեն նախաձեռնում։ Թեկուզ նույնիսկ եթե այդ մարդիկ ռուս են։
Համլետ Աբրահամյան