Սուրեն /Կուռո/Թարխանյանը ծնվել է 1896 թ. Շուշիում: Մոսկվայում ստացել է զինվորական կրթություն, սպայի աստիճան, ապա ռուսական բանակի կազմում մասնակցել Ա աշխարհամարտին: Վիրավորվելուց հետո փոխադրվել է կովկասյան ռազմաճակատ, մասնակցել Արեւմտահայաստանում մղվող կռիվներին:
1918 թ. մասնակցել է Սուրմալուի եւ Բաշ Ապարանի ճակատամարտերին: Նույն թվի դեկտեմբերին՝ հայ- վրացական պատերազմի ժամանակ, վիրավորվել է եւ ցուցաբերած հերոսության համար պարգեւատրվել «Վարդան զորավար» շքանշանով: 1921 թ., Փետրվարյան ապստամբության ժամանակ, Հայրենիքի փրկության կոմիտեի կողմից նշանակվել է հայկական բանակի ընդհանուր հրամանատար՝ Հայոց Սպարապետ: Կարմիրների կողմից Երեւանը գրավելուց հետո՝ Սուրեն Սպարապետն իրեն հավատարիմ ուժերով նահանջել է Սյունիք, ուր Սպարապետի պաշտոնն ստանձնել է Գարեգին Նժդեհը, իսկ ինքը դարձել է նրա օգնականը: Սյունիքում կռվել է բոլշևիկների դեմ, ապա անցել արտերկիր: Բ աշխարհամարտի ժամանակ Նժդեհը, Դրոն, Կուռոն, Հայկ Ասատրյանն իրենց համախոհների հետ ջանքեր չեն խնայել փրկելու գերմանական գերության մեջ հայտնված հայ ռազմագերիների կյանքը: Մահացել է 1944 թ. Ռումինիայում՝ ծանր հիվանդությունից, 48 տարեկան հասակում: