Վերջին շրջանում գերտերությունների շահերի բախման կետում հայտնված խնդիրներին ու դրանց հանգուցալուծմանն ուղղված քայլերին հետևելիս շատերս նկատեցինք, որ ամենավճռորոշ մարտերն այլևս մղվում են ոչ թե ցամաքում, կամ օդում, այլ՝ մամուլում:

 


Օրեր շարունակ մենք հետևեցինք Ղրիմի թեմայի շուրջ արևմտյան և ռուսական լրատվամիջոցների տրամադրած տրամագծորեն տարբեր տեսակետներին ու դիրքորոշումներին, հետևեցինք նաև, թե ինչպես են լուսաբանում ռուսները մալազիական ինքնաթիռի կործանումն ու ինչպես են դրա մասին խոսում պռոամերիկյան լրատվամիջոցները: Տեսանք, թե ինչպես է մեկ լուրից աշխարհի բնակչությունը վայրկենական փոխում իր կարծիքը երևույթի մասին ու տեսանք, թե ինչպես է մեկ չճշտված տեղեկատվությունը հուսալքում միլիոնավոր մարդկանց:

 


Մենք այս ամենի միջով անցանք միասին, ամեն ինչ հանգիստ ու հանդարտ քննարկեցինք ու վերլուծեցինք խնդրին կողքից նայողի աչքերով: Բայց այսօր դեպքերի առանցքում մենք ենք հայտնվել ու սթրեսից՝ առանց երկար-բարակ մտածելու, կուլ ենք տալիս բոլոր կարթերը, որոնք թշնամին մեզ է մատուցում: Արդյունքում մեր չկապակցված գործողությունների արդյուքնում աղմուկ է բարձրանում, որը վնասում է առաջին հերթին մեզ: Նման իրավիճակներում ճիշտ գործելու համար մասնագիտական խորհուրդներով ձեզ չծանրացնեմ:

 

Պարզապես հիշեցնեմ, որ սոցցանցի ամեն օգտատեր անձ-լրատվամիջոց է, ով իր ընկերների և նրանց ընկերների չափով ընթեցող ունի: Ուստի լրագրողական էթիկան պահելը և ուշադիր լինը ոչ թե միայն մեր՝ լրատվամիջոցների ղեկավարների ու լրագրողների պարտքն է, այլև՝ սոցցանցերում նստած ցանկացած մարդու: Խնդրեմ առաջիկայում և ընդհանրապես խուսափեք ադրբեջանական լրատվականներին հղումներ անելուց ու առհասարակ դրանց տրամադրած ինֆորմացիային հավատալուց: Նրանք առողջ չեն ու ձեզ էլ են փորձում հիվանդացնել:

 

 

Արամ Անտինյան