Եվրասիական միություն ստեղծելու և այդ միություն Հայաստանին ու Ադրբեջանին հրավիրելու ֆոնին՝ ռուս դիվանագետները սկսել են հայտարարել, թե ղարաբաղյան հարցը ևս կարող է լուծվել տնտեսական ինտեգրացիայի և ընդհանուր շուկա ստեղծելու շնորհիվ:
«Կարգավորումը հնարավոր կլինի, երբ տնտեսական կապերն այնքան միահյուսված կլինեն, որ մարդիկ առաջին հերթին դրանցով կառաջնորդվեն և կսկսեն արդեն քարոզչություն տանել, որը ժամանակի հետ թշնամության փոխարեն մեկ մեկու հանդեպ վստահության կհանգեցնի»,- այսօր «Վեստնիկ Կավկազա» պարբերականին տված հարցազրույցում ասել է Հայաստանում Ռուսաստանի նախկին դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն:
Տեսականորեն դիվանագետը նորություն չի ասել, որովհետև հենց այդ ճանապարհով են լուծվել հակամարտությունները հետպատերազմյան Եվրոպայում:

 


Սակայն՝ միայն տեսականորեն:
Իսկ իրականության մեջ՝ դեսպանը մի քանի խեղաթյուրումներ է արել՝ կամա թե ակամա շրջանցելով կամ քողարկելով մի քանի փաստեր:
Առաջին, Կովալենկոն փորձում է առաջ քաշել միջնորդական ձևաչափը փոխելու գաղափարը՝ հարցազրույցի այլ դրվագներում քննադատելով ԱՄՆ-ին ու ԵՄ-ին՝ իրենց իբրև թե դեստրուկտիվ դերի համար:
Երկրորդ, դեսպանն անտեսում է այն հանգամանքը, որ Ադրբեջանը ցանկություն չի հայտնել մաս կազմելու Եվրասիական տնտեսական միությանն, ու Ռուսաստանը Բաքվին սիրաշահում է՝ հենց Ղարաբաղի խնդիրն առևտրի թեմա դարձնելով:

 


Եվ երրորդ, ԵՏՄ-ն, ի տարբերություն Եվրամիության, ոչ թե ազատ պետությունների ու հասարակությունների, այլ՝ դիկտատորների ակումբ է, որի անդամներին կարող է միավորել ոչ թե վստահությունը, այլ՝ ՙՙմենթալիտետային՚՚ ընդհանրությունը:
Ըստ այդմ, Կովալենկոյի հարցադրումներն ընդամենը տեղավորվում են Բաքվին սիրաշահելու Մոսկվայի քաղաքականության համատեքստում:

 

 

Սուրեն Սուրենյանց