Չնայած Իսպանիայի իշխանությունների համառ դիմադրությանը՝ Կատալոնիան պատրաստվում է անկախության հանրաքվեի, որը կայանալու է արդեն նոյեմբերի 9-ին:
Այս հանրաքվեն ոչ միայն կարող է արմատապես փոխել Եվրամիության քաղաքական քարտեզը, այլ նաև՝ ցրել Կոսովոյի ՙՙբացառիկության՚՚ կարծրատիպը՝ նոր ազդակ տալով ինքնորոշման իրավունքի գերակայությանը, այդ թվում՝ ԼՂՀ անկախության ճանաչման գործընթացին:
Կատալոնիան ունի 7,5 միլիոնանոց բնակչություն՝ Իսպանիայի բնակչության 16%-ը, նրան է բաժին հասնում Իսպանիայի ՀՆԱ-ի 23%-ը: Բարսելոնայում սա համարում են անկախության ձգտման կարևոր մոտիվ՝ պնդելով, թե շատ են մուծում ֆեդերալ բյուջեին:
Մյուս կողմից՝ Կատալոնիայի իշխանությունը կոռումպացված է, կառավարման արդյունավետությունը կասկածելի. միայն Բարսելոնայի բյուջեի տարեկան դեֆիցիտը կազմում է 2 միլիարդ եվրո:
Կատալոնցիներն ունեն մշակութային, լեզվական ինքնատիպություն, ինքնաբավություն: Անցած դարասկզբի կատալոնացի անկախականները պնդում էին, որ իրենք պատկանում են գերմանական-գոթական, ոչ թե՝ հարավեվրոպական(սեմիթա-արաբական) քաղակրթությանը:
Կատալոնիան իսպանական թագավորությանը միացվել է 1479թ-ին, սակայն փաստացի անկախությունը պահպանել է մինչև 1714թ-ը:
1936-39թթ-ի քաղաքացիական պատերազմի տարիներին Կատալոնիան դարձյալ փաստացի անկախ էր, սակայն երբ Իսպանիայում հաստատվեց Ֆրանկոյի ֆաշիստական ռեժիմը, սկսվեց Կատալոինիայի բռնի ՙՙիսպանականացումը՚՚: Դիկտատուրայի տապալումից հետո՝ Կատալոնիան ստացավ ինքնավար կարգավիճակ:
Նոյեմբերի 9-ի հանրաքվեից առաջ երկրամասի հասարակական կարծիքն երկփեղկված է. իշխանությունն ու հասարակության կեսը կողմ են անկախությանը, հասարակության մյուս հատվածն ու գործարարները՝ դեմ: Ընդդիմախոսները պնդում են, որ եթե ԵՄ-ն չճանաչի Կատալոնիայի անկախությունը, տնտեսական դժվարություններն անխուսափելի են:
Կատալոնիայի անկախության ու այսօրվա կարգավիճակի միջև, իհարկե, կա միջանկյալ լուծում. հիմա Մադրիդն ու ու Բարսելոնան բանակցում են՝ երկրամասին ավելի լայն քաղաքական ու տնտեսական իրավունքներ տրամադրելու շուրջ:
Բանակցություններն առայժմ անարդյունք են, սակայն անկախ դրանց արդյունքից՝ Կատալոնիայի իրադարձությունները հուշում են, որ աշխարհում սկսվել է ինքնորոշման պայքարի մի նոր փուլ:
Սուրեն Սուրենյանց