Ինչպես գիտենք 100 տարի առաջ այս օրը սկսվեց Առաջին աշխարհամարտը, որին տարբեր ռազմաճակատներում իրենց գործուն մասնակցությունը ցուցաբերեցին նաև հայերը:


Նշենք, որ Ռուսական կայսրության տարածքում բնակվող 2 միլիոն 54 հազար հայերից ռուսական բանակ զորակոչվեցին 200 հազար հոգի, իսկ Անտանտի բանակներում ծառայող հայերի թիվը հասնում էր 50 հազարի:


Միաժամանակ հայ հասարակական-քաղաքական շրջանակները ձեռնամուխ են լինում կամավորական ջոկատների ստեղծմանը: Սկզբնապես կազմակերպվում են կամավորական չորս ջոկատներ: Առաջինի հրամանատարն էր Անդրանիկը, երկրորդինը՝ Դրոն, երրորդինը՝ Համազասպը, չորրորդինը՝ Քեռին:Ավելի ուշ կազմակերպվում է նաև ևս երեք ջոկատ: Հինգերորդի հրամանատարն էր Վարդանը, վեցերորդինը՝ Արշակ Ջանփոլադյանը, ապա՝ Գրիգոր Ավշարյանը, վերջինիս զոհվելուց հետո նրան փոխարինում է Հայկ Բժշկյանը: Յոթերորդի հրամանատարն էր Հովսեփ Արղությանը:


Ընդհանուր առմամբ այս ջոկատներում մարտնչում էին 10 հազար հոգի: Ջոկատներից ամենամեծը Անդրանիկինն էր: Իսկ 1915թ. ապրիլին Ազգային Բյուրոի որոշմամբ 2-րդ, 3-րդ և 4-րդ ջոկատները միացվում են 5-րդին: Այս զորամիավորումը ստանում է Արարատյան անվանումը, որի հրամանատարն է դառնում Վարդանը:


Այս բոլոր ջոկատները բազմաթիվ մարտերի են մասնակցել և ռուսական զորքերի հետ միասին ազատագրելԱրևմտյան Հայաստանի մեծագույն հատվածը:


Սակայն ցարական իշխանությունները երկյուղելով, որ հայ կամավորական ջոկատները կարող են դառնալ ազգային բանակի հիմք, ցրում են դրանք, 1916 թվականի ամռանը դրանցից կազմելով հինգ հրաձգային գումարտակ, ներառում են ռուսական զորքերի կազմի մեջ:

 

 


Կարպիս Փաշոյան