Հայաստանի ընդդիմադիր դաշտում կան այնպիսի քաղաքական ուժեր, որոնց հետևորդների թիվը հարյուրից չի անցնում, դեռ ավելին մի բան էլ պակասում է, բայց նրանք դրանից չեն ընկճվում, ավելի են գոտեպնդվում՝ կարծելով թե ամբողջ հայ ժողովուրդը մոլորյալ է, չի գիտակցում իրավիճակի լրջությունը, իսկ իրենք բարձրագույն ճշմարտության կրողներն են, «մարգարեներ հեռավոր անցյալից», որոնք կանխատեսել են պետականության մոտալուտ կործանման սպառնալիքը և ճիշտ ժամանակին հայտնվել են ճիշտ տեղում:Համենայնդեպս «փրկիչ առաջնորդները» այդպես են ներկայացնում իրենց մի քանի տասնյակ մոլեռանդ, ֆանատիկոս հետևորդներին:
Ամենևին էլ ցանկություն չունենալով խորանալ այդ կազմակերպությունների զավեշտական գործելաոճի մեջ, միայն նշենք, որ ժողովուրդը այդքան էլ մոլորյալ չէ և լավ գիտի թե ում հետևից պետք է գնալ:
Իսկ Հայաստանում տիրող այս քաղաքական ամայի իրավիճակը, սոցիալ-տնտեսական ծանր պայմանները, արտաքին մարտահրավերները ամենևին էլ նորություն չեն պատմության մեջ: Նման երկրներ շատ կարող ենք թվարկել, որոնք նույնիսկ տասնայկ տարիներ չեն կարողացել ազատվել իշխող ռեժիմներից:
Բայց պետք է փաստել, որ համաժողովրդական շարժումը սարերի ետևում չէ: Ճիշտ ժամանակին ժողովուրդը ոտքի կկանգնի և իր միջից կընտրի այն առաջնորդներին, որոնք կկարողանան երկիրը տեղափոխել որակական բոլորովին այլ ռելսերի վրա: Իսկ քաղաքական իմպոտենտ առաջնորդները կամ արհեստական գոյացությունները այս ամենինչին հեռվից կհետևեն:
Միայն մի խնդրանք ինչ արել էք լավ եք արել, ինչ կերել եք անուշ լինի, բայց հիմա ժողովրդին թողեք հանգիստ, Ձեր ինքնանպատակ պայքարները մարդկանց չեն հետաքրքրում: Ժողովուրդը ամենաիմաստունն է, ինքը կընտրի իրեն հարմար ճանապարհը:
Կարպիս Փաշոյան