Պայքարը հանուն տարրական ժողովրդավարական նորմերի արմատավորման որևէ կապ չունի պայքարի ժամանակագրական առաջնորդի անձի հետ: Համացանցում մղվող բանավեճը արհեստական բաժանարար գծեր է քաշում ազատության համար պայքարողների միջև' տվյալ դեպքում հանգեցնելով Րաֆֆու և Լևոնի կողմնակիցների փոխադարձ կսմիթների: Երբ հասարակությունը արտահայտում է իր ցասումը քվեի միջոցով' այդ պահին ընտրում է իր կողմից ընկալվող հակաիշխանական թեկնածուների ամենահարմար տարբերակը, և Տեր-Պետրոսյանի, և Հովհաննիսյանի դեպքում բազմաթիվ ՀՀ քաղաքացիներ քվեարկել են ոչ թե կոնկրետ անձի, այլ հասարակության մաքսիմալ մոբիլիզացիան ապահովող խորհրդանիշի օգտին: Հետընտրական առաջին հիասթափությունը, որ ունեցա, հակաիշխանական տրամադրություններ ունեցող հասարակական շերտերի և ընդդիմադիր հարթակի սեփականաշնորհման փորձն է... Հարկավոր է ոչ թե առիթից օգտվել' իրավիճակը րաֆֆիականացնելու համար, այլ հունավորել հասարակական մոբիլիզացիան' կոնկրետ արդյունք ստանալու համար: Հակառակ պարագայում Րաֆֆիից նոր Տեր-Պետրոսյան կերտելու փորձերը կնոսրացնեն ակտիվության նշաններ ցույց տվող քաղաքական շարժման շարքերը: Ես նկատել եմ, որ հասարակական ակտիվի մի զգալի մասը, չհաշտվելով այս երևույթի հետ, փնթփնթալով, անվստահորեն է արտահայտվում ձևավորվող շարժման մասին, չնայած հազիվ են զսպում իրենց կիրքը' նետվելու ժողովրդավարական արժեքների համար պայքարի... Չպետք է մոռանալ, որ ընդդիմադիր այդ հատվածը մշտապես գտնվել է պայքարի առանցքում, և բաժանարար գծերի անցկացումը "լևոնական" և "րաֆֆիական" հասարակական ակտիվի միջև նշանակում է էն գլխից ուղղակի սպանել նոր շարժումը...