Հարաբերությունների կայունությունը հաճախ կախված է զույգերի ընտանեկան կյանքին պատրաստ լինելուց: Ուրեմն, ինչպես հասկանալ՝ պատրա՞ստ է արդյոք ամուսնության այն տղամարդը, որի հետ Դուք հանդիպում եք: Առաջին հերթին կարևոր նշանակություն ունեն դրդապատճառները: Օրինակ, որոշ տղամարդիկ ամուսնանում են ծնողական խնամակալությունից փախչելու համար: Բավականին տրամաբանական է, որ նման ամուսնությունը կարող է ամուսնալուծությամբ ավարտվել:
Հաջորդ պատճառը՝ «բոլորն ամուսնանում են, ես էլ կամուսնանամ»: Նման ուղղվածությունը դեպի հասարակական կարծիք առավել վառ է արտահայտված կանանց մոտ, սակայն հանդիպում է նաև ուժեղ սեռի ներկայացուցիչների մեջ:
Եվս մի պատճառ է կնոջ չծրագրված հղիությունը և իրեն «տղամարդավարի» պահելու ցանկությունը: Թվարկած այս պատճառները խոսում են լիարժեք պատրաստակամության բացակայության մասին:
Ընտանիք կազմելու ամենաարժեքավոր դրդապատճառը սերն է: Տղամարդուն չի կարելի ամուսնությանը պատրաստ համարել նաև այն ժամանակ, եթե նրա մոտ չեն ձևավորվել ապագա ընտանիքի մասին հստակ պատկերացումներ և ըմբռնում, թե ինչու է նա ամուսնանում, ինչ է ակնկալում ընտանիքից և ինչպիսի հարաբերություններ է ցանկանում կառուցել: Հաճախ նրանց մոտ նման պատկերացումները կազմվում են ավելի ուշ, քան նույն տարիքի կանանց մոտ:
Պատրաստակամությունը պայմանականորեն կարելի է բաժանել երկու բաղադրիչների՝ հուզական և իմացական:
Հուզականը ցանկությունն ու հուզական տրամադրվածությունն է: Եթե տղամարդը մտածում է ընտանիքի մասին, ցանկանում է այն ստեղծել, ուրախ է այդ իրադարձությանը, դրականորեն է ընդունում ամուսնական կյանքը, անգամ միայն հեռանկարում, ապա դա հսկայական նշանակություն ունի:
Իմացականը ամուսնության, ընտանեկան կյանքի մասին որոշակի գիտելիքներն են: Նման գիտելիքների թվին են պատկանում ընտանեկան ճգնաժամերի, կնոջ և տղամարդու հոգեբանության առանձնահատկությունների, ընտանեկան կյանքում ի հայտ եկող հնարավոր խնդիրների մասին գիտելիքները: Պատրաստակամության այս տեսակի մեջ է մտնում նաև սեփական անձի ճանաչումը, հարաբերություններում սեփական ցանկությունների և պահանջմունքների գիտակցումն, ինչպես նաև տարատեսակ հարցերի քննարկման ու կոնֆլիկտների լուծման ունակությունը:
Ամուսնությանը պատրաստ տղամարդը պատրաստ է կնոջ հետ քննարկել ապագայի համատեղ ծրագրերը: Այդ պատճառով, եթե ընտանիք կազմելու ձեր ցանկությունը համընկնում է, անհրաժեշտ է քննարկել կենցաղային հարցերը, փոխադարձ պարտավորությունները, ֆինանսական հարցերը, երեխաների ծնունդը և այլն: Մի խոսքով՝ այն ամենն, ինչը կարևոր է ձեզ համար և ինչում կարող են տարաձայնություններ առաջանալ: Ահա որոշ թեմաներ, որոնց քննարկումը վկայում է հասունության և ամուսնությանը պատրաստ լինելու մասին:
Ընտանեկան բյուջե: Այստեղ չկան հասկացություններ այն մասին, թե ինչն է ճիշտ, իսկ ինչը՝ ոչ: Յուրաքանչյուր ընտանիքում ամեն ինչ շատ անհատական է: Մեծ դեր է խաղում երեխաների առկայությունը, ընտանեկան այլ պարտականությունների բաշխումը, ինչպիսիք են՝ մաքրությունը, սննդի պատրաստումը և այլն: Այս հարցերին խելամիտ մոտեցումը, դրանք քննարկելու ցանկությունը ամուսնությանը պատրաստ լինելու նախանշաններից մեկն է: Իսկ այն սխեման, որին զույգը կհանգի քննարկման ընթացքում, կարող է տարբեր լինել: Օրինակ, գումար տուն բերել և կենցաղով զբաղվել կարող են ամուսիններից երկուսն էլ, բայց կարող է լինել նաև տարբերակ, երբ կինը զբաղվում է միայն տնային գործերով ու երեխաներով, իսկ ամուսինը՝ ֆինանսական ապահովմամբ:
Սեռական նախասիրություններ և բարդություններ:
Չլուծված հարցերը կարող են ընտանեկան կոնֆլիկտների առիթ հանդիսանալ, այդ պատճառով դրանց քննարկումն ու լուծումը ցանկալի է սկսել դրանց առաջացման պահից, այլ ոչ թե այն ժամանակ, երբ դրանք արդեն կուտակվել ու խորացել են: Ամուսիններին հաճույք պարգևող սեռական հարաբերություններն ընտանիքում բազմաթիվ ֆունկցիաներ են կատարում՝ համատեղ հանգիստ, լիցքաթափում, միասնություն: Դա սիրո դրսևորումներից մեկն է, ուստի, եթե ամուսինները հակակրանք, ճնշվածություն կամ լարվածություն են զգում միմյանց հանդեպ, ապա դա ազդում է նաև նրանց ընդհանուր հարաբերությունների վրա:
Կոնֆլիկտային իրավիճակներում իրեն ճիշտ պահելու ունակություն:
Կոնֆլիկտների կոնստրուկտիվ լուծման ունակությունը նույնպես ամուսնությանն ու երջանիկ ընտանեկան կյանքին պատրաստ լինելու կարևոր բաղադրիչներից է: Բոլորը լսել են այնպիսի միջոցների մասին, ինչպիսիք են «փոխզիջումը» և «զիջումը», սակայն սրանք կոնֆլիկտում ճիշտ վարվելակերպի միակ միջոցները չեն: Մի բան կարելի է հստակ ասել. կոնֆլիկտային իրավիճակում անհրաժեշտ է ճկուն լինել, քանի որ երբեմն փոխզիջումն անգամ բացարձակապես անընդունելի է լինում: Ինչ-որ տեղ կարելի է խուսափել կոնֆլիկտից, ինչ-որ տեղ էլ՝ քոնը պնդել կամ խնդրին ստեղծագործական լուծում տալ: