Չինական հին ասքերը երկրում հիդրոտեխնիկական խոշոր կառույցների շինարարությունը կապում են վարչապետ Կունի ու նրա որդի Յույի անվան հետ: Կունն ապրել է մեզնից 42 դար առաջ: Նա իր ուշադրությունը կենտրոնացրել էր ամբարտակներ կառուցելու եւ Հուանհեի սոսկալի վարարումներից մարդկանց ու նրանց տնտեսությունները պաշտպանելու գործին:

 

Կայսրը շուտով Կունին մեղադրում է «բնության դեմ պայքարելու համար» եւ աքսորում: Գետի հերթական հեղեղումներից մեկի ժամանակ, երբ աղետից տասնյակ հազարավոր մարդիկ են մահանում եւ հազարավորները անհետ կորչում, կայսրը հրամայում է աքսորից վերադարձնել շնորհազրկված, բայց ժողովրդի կողմից անչափ սիրված ու գնահատված վարչապետին, բայց նա մահացել էր: Հոր պաշտոնը վստահվում է որդուն՝ Յույին: Նա ուսումնասիրում է ջրի շարժումն ու գետերի բնույթը, կառուցում ամուր հողապատնեշներ եւ անցկացնում հազարավոր ջրանցքներ:

 

Յույն այնքան է կլանվում աշխատանքի մեջ, որ լսելով, թե իրեն արքունի խորհուրդը կայսր է ընտրել՝ նախ զարմանում է, ապա խնդրում թույլ տալ ավարտելու հերթական բարդ հողապատնեշի կառուցման աշխատանքները: Նրա կառավարման շրջանում Չինաստանի տնտեսությունն աննախադեպ վերելք է ապրում: Հարկերը զգալիորեն իջեցվում են։ «Եթե մարդիկ բացահայտ դժգոհում են հարկերից, ուրեմն դրանք սահմանվել են սրիկաների կողմից»,_ ասում էր կայսրը։

 


Յույի մահից օրեր անց ժողովուրդը նրան արժանացնում է աստվածային պաշտամունքի: Չինաստանի ջրանցքների մոտ մինչեւ այժմ էլ պահպանվում են շինարար կայսրին նվիրված տաճարներ: