Նախաքրիստոնեական շրջանում հայոց մեջ ամուսնության համար նվազագույն շեմ է համարվել տղամարդկանց համար' 14, աղջիկների համար՝ 12 տարեկանը: Ամուսնական տարիքի հասածներն իրավունք չունեին առանց ծնողների համաձայնության ընտանիք կազմելու: Տարածված էր տղայի հոր կողմից ամուսնության առաջարկությունը ավելի վաղ տարիքում գտնվող աղջկա ծնողներին: Այդպիսի մի առաջարկով մեր Արտավազդ Բ թագավորին դիմեց նաեւ հռոմեացի զորավար Մարկոս Անտոնիոսը, որը հայոց արքային հասցեագրած նամակում հայտնում էր, թե ցանկանում է իր մանկահասակ որդուն' Ալեքսանդրին, ամուսնացնել հայոց հնգամյա արքայադստեր հետ։ Այս շրջանում տարածված էր բազմակնությունը, թույլատրվում էր ամուսնությունը հարազատների միջեւ:

 

Հայտնի է, որ Արտավազդ Բ-ի թոռը' Տիգրան Դ-ն, ամուսնացել է քրոջ' Էրատոյի հետ եւ նրան հռչակել թագուհի: Հիշյալ շրջանում ամուսինն իրավունք ուներ սպանել անհավատարմության մեջ կասկածվող կնոջը: Քրիստոնեության ընդունումից հետո ամուսնա-ընտանեկան հարաբերությունների կարգավորումը ստանձնեց հայ եկեղեցին: Սահակ Պարթևի սահմանած կանոններից մեկի համաձայն առանց զույգերի համաձայնության ու տարիքային համապատասխանության արգելվում էր պսակադրությունը:

 

Չէր թույլատրվում ամուսնացողներին պսակել առանց քննության ու հարցման: Զավակներին բռնի ամուսնացնելու դեպքում ծնողները ենթարկվում էին կանոնական պատժի: Ներսես Շնորհալի կաթողիկոսը ամուսնության հիմքը համարում էր զույգերի համաձայնությունը, ամուսնական հասակ սահմանելով տղայի համար՝ 15, աղջկա համար՝ 12 տարեկանը:

 

1270 թ. եկեղեցաժողովը որոշում է ամուսնահասակ համարել տղային՝ 15, աղջկան՝ 14 (որոշ դեպքերում՝ 10-12) տարեկանում: Մխիթար Գոշը տուգանք էր նախատեսում անհավատարիմ ամուսինների համար: Անհավատարմության մեջ մեղադրվող կնոջը սպանող ամուսինը ենթարկա էր պատժի: Սմբատ Սպարապետի «Դատաստանագիրքն» արգելում էր նոր ամուսնացածին բանակ տանելը: Պատմիչների վկայությամբ, հարսը մնում էր չխոսկան, երեսը քողով ծածկած, որը հանում էր միայն մայրանալուց հետո:

 

 

ՀԳ - Մխիթար Գոշի կողմէ ճշդուած է, թէ'«Կիները եւ այրերը հաւասար իրաւունքներ ունեցած են եւ հաւասարապէս պատասխանատու եղած ընտանիքի բարօրութեան»: