Օրերս մի շարք ՀՀ քաղաքացիներ հայտարարեցին, որ Վարդավառի տոնը նշելու են Գառնիի հեթանոսական տաճարում և հեթանոսական սկզբունքներին համապատասխան: Վարդավառի, ինչպես նաև մյուս հեթանոսկան տոների նմանատիպ տոնակատարությունները հայ հեթանոսների կողմից դիտարկվում են որպես հայկական ավանդույթների վերածնունդ, վերադարձ հայկական արմատներին և այսպես շարունակ: Բայց այնուամենայնիվ առաջին հայացքից նոռմալ թվացող այս գործընթացները որոշակի հարցադրումներ են առաջադրում:

 


Նշենք որ այդ տոնի վերաբերյալ հայագիտության մեջ բավականին լուրջ խնդիրներ կան: Առաջինը կապված է հենց անվանման հետ, մինչև օրս հաստակ ձևակերպված չէ տոնի ճշգրիտ անվանումը, իսկ Վարդավառ տարբերակը ենթադրական բնույթ է կրում, ինչպես նաև չկա այդ տարբերակի ճշգրիտ ստուգաբանությունը նույնպես:

 


Հեթանոսներից պետք է ճշտել, թե նրանք ինչ ծեսեր են իրականացնելու և իհարկե ինչպես: Ես չեմ կարծում, որ կլինի հստակ բացատրություն քանի որ չկա քիչ թե շատ պահպանված հեթանոսական ծեսի գոնե մի պատառիկ: Գիտությունը այս խրթին հարցի վերաբերյալ նույնպես լռում է:
Յուրաքանչյուր կրոնական տոն ծիսական, (գործնական) բաժնից բացի պետք է առաջնահերթ ունենա նաև այդ ամենի տեսական հիմնավորումը, այսինք դավանաբանական հենքը: Եթե անվանման և ծիսական արարողությունների վերաբերյալ ժողովրդի հիշողության մեջ որոշակի վերապրուկներ դեռևս պահպանվել են, ապա դավանաբանական և իմաստային տեղեկությունները ի սպառ բացակայում են:

 


Հ. Գ խնդրում եմ տվյալ գրառմանը հակադարձելիս բնապաշտությունը, ջրի կամ էլ արևի պաշտամունքները, ինչպես նաև Ձեր քրմերի իրականությունից կտրված ինտերպրիտացիաները որպես հակափաստարկ չօգտագործել:

 


Իսկ ինչ վերաբերվում է տոնին ապա մենք ունենք քրիստոնեական Վարդավառը կամ Պայծառակերպությունը, որտեղ միախառնված են ինչպես հեթանոսական ժողովրդական հիշողությունները, այնպես էլ եկեղեցական կանոնիկ ծեսերը:

 

 

Կարպիս Փաշոյան