Թուրքական իշխանությունները շարունակվում են իրավապահ մարմինների դեմ ուղղված իրենց գործողությունները: Մասնավորապես, Թուրքիայի 22 նահանգներում ձերբակալվել են 2013թ. դեկտեմբերին այսպես կոչված «Մեծ կաշառք»-ի գործում ներքաշված բարձրաստիճան ոստիկաններ:


Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում և այլ քաղաքներում միաժամանակ ձերբակալվել են «Մեծ կաշառք»-ում մասնակցություն ունեցած ոստիկանության 67 ծառայողներ։ Նրանց տները խուզարկվել են:


Թուրքական մամուլն այս ձերբակալությունները կապում է 2013-ի դեկտեմբերին «Մեծ կաշառք» սկանդալային գործողության հետ։ Ձերբակալված ոստիկաններն ու ոստիկանապետերը անմիջական կապ են ունեցել այդ գործողությունների հետ։


2013թ. դեկտեմբերին Թուրքիայի մի շարք վայրերում տեղի է ունեցել «Մեծ կաշառք» օպերացիան, որի ընթացքում ձերբակալվել, ապա և կալանավորվել են նախարարների որդիներ, գործարարներ և պաշտոնյաներ։


Ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի, ձերբակալվել են նաև ապօրինի գաղտնալսումների մեջ կասկածվող 55 ոստիկան, այդ թվում՝ շրջանային վարչությունների անվտանգության, հետախուզության, ահաբեկչության դեմ պայքարի և ֆինանսական բաժինների ղեկավարները:


Հայտարարվել է, որ հատուկ գործողության համար հիմք է հանդիսացել Թուրքիայի քաղաքացիների, այդ թվում՝ կառավարության անդամների հեռախոսները գաղտնալսելու մասին տեղեկատվությունը: Գաղտնալսումն իրականացրել են ոստիկանության ներսում գործող գաղտնի «Սելյամ Թաուհիդ» կազմակերպության անդամները: Այս կառույցը կասկածվում է 2200-ից ավելի մարդկանց խոսակցությունները ձայնագրելու մեջ, այդ թվում՝ քաղաքական գործիչներ, լրագրողներ և գիտնականներ:


Այդ անձինք կասկածվում են անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիքը, նախաքննության գաղտնիությունը և անձնական գույքի անձեռնմխելիությունը խախտելու, պաշտոնական փաստաթղթերը և հանցանշանները կեղծելու մեջ:
Հավանական է, որ այս գործողությունների ձեռնարկմամբ Թուրքիայի վարչապետ և առաջիկա նախագահական ընտրություններում ամենահավանական թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանը փորձում է լուծել իր իշխանության ամրապնդման խնդիրը: Գաղտնիք չէ, որ ուժային կառույցների շարքերում քիչ թիվ չեն կազմում քեմալականները, ովքեր վարչապետի սկզբունքային հակառակորդներն են:

 

 

Գոռ Սաղաթելյան